Գագիկ Ծառուկյանի ցանկացած որոշման պետք է հարգանքով վերաբերվենք. ՀՀԿ պատգամավոր
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր որոշման պետք է հարգանքով վերաբերվել։
«Ցանկացած որոշման պետք է հարգանքով վերաբերվենք: Հանրապետականը պատրաստ է ցանկացած սցենարով մասնակցել ընտրություններին, և մեզ համար կարևոր է, որ ընտրություններն անցնեն արդարության բարձր նշաձողով»,- ասաց պատգամավորը։
Ըստ Արտակ Դավթյանի՝ գալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու դեպքում Գագիկ Ծառուկյանը կտարբերվի այլ թեկնածուներից, իհարկե, բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանից:
ՀՀԿ պատգամավորն ասաց, որ Սերժ Սարգսյանի շանսերի մասին չի խոսի, սակայն արդյոք նա կառաջադրվի կամ չի առաջադրվի, կպաշտպանի մեկ այլ թեկնածություն կամ հանրապետականների թեկնածուին, բոլորն էլ հավանական է համարում:
ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ օրենքով սահմանված ընդդիմադիր ուժ Հայաստանում չի հանդիպել: «Ես միգուցե բաց եմ թողել, բայց ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժի չեմ հանդիպել»,– ասաց նա և ավելացրեց, որ մինչ այժմ «ԲՀԿ-ի մեր գործընկները իրենց ընդդիմադիր բնորոշում չեն տվել»։
ՀՀԿ պատգամավորը կարծում է, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը իրենց հաշիվ տալիս են և կարծում են, որ առանձին-առանձին հազիվ թե կարողանան լուրջ թեկնածու առաջադրել։
«Նրանք փորձում են դաշնակիցներ գտնել: Սրանով է պայմանավորվում այն ակտիվությունը, շփումները և կոնսուլտացիաները, ինչ-որ անում է ընդդիմադիր դաշտը»,– նշեց նա:
Արտակ Դավթյանը նաև ասաց, որ առայժմ հանրապետականների դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել այն ընթացքից, ինչ նրանք ունեին։ Նրա խոսքով՝ ՀՀԿ–ն ունի հստակ դիրքրորոշում, և դեկտեմբերի 15-ին նախագահի թեկնածու կառաջադրվի գործող նախագահը և կուսակցության առաջնորդը:
«Մնացած քաղաքական ուժերը գտնվում են քաղաքական կոնսուլտացիաների և որոշակի անորոշությունների դաշտում: Սահմանված ժամանակահատվածում` նախագահական ընտրություններից 70 օր առաջ ԿԸՀ-ի նախագահը պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ, ինչն էլ կազդարարի նախագահական ընտրությունների ամենաակտիվ շրջանը»,- ասաց Արտակ Դավթյանը:










