ԵվրԱզԷՍ-ը Բելառուսին ևս 440 մլն դոլարի վարկ կտրամադրի
Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷՍ) հակաճգնաժամային հիմնադրամը, որը կառավարվում է Ռուսաստանի կողմից, հաստատել է Բելառուսին 4-րդ վարկային տրանշի տրամադրումը 440 մլն ԱՄՆ դոլարի չափով, հաղորդում է BBC-ն:
«Խոսք էր գնում Բելառուսին վարկ և Տաջիկստանին ռեսուրսներ տրամադրելու մասին: Այդ հարցերով դրական որոշում է կայացվել», - հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:
Նախորդ տարի հիմնադրամը Մինսկին վարկ էր տրամադրել 3 մլրդ ԱՄՆ դոլարի չափով, երեք տարի ժամկետով՝ փոխարենը պարտավորեցնելով խստացնել ֆինանսական քաղաքականությունը և տարեկան 2,5 մլրդ ԱՄՆ դոլարի սեփականաշնորհում իրականացնել 3 տարվա ընթացքում:
Սեփականաշնորհման ցուցանիշը, Սիլուանովի խոսքով, հաշվի չի առնվել 4-րդ տրանշը տրամադրելու որոշումը կայացնելիս:
Մինսկը պետք է 2013թ. արտաքին պարտքի մասով 3 մլրդ ԱՄՆ դոլար վճարի: Այդ պատճառով երկիրը ակտիվորեն նոր վարկեր է փնտրում: Բացի ԵվրԱզԷՍ-ից, Մինսկը 3,5 մլրդ ԱՄՆ դոլար է խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից, ինչպես նաև 210 մլն դոլար գումարի ներքին պարտատոմսեր է տեղաբաշխել:










