Գյումրին երկրաշարժից 24 տարի անց. փոս, որտեղ աղքատ է ամեն երկրորդ բնակիչը. Լևոն Բարսեղյան
«Երկրաշարժից 24 տարի անց Գյումրին փոս է, որը լցնելու համար խոշոր պետական ծրագիր է պետք», - Tert.am -ի հետ զրույցում նման գնահատական տվեց Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Կա դավադրության տեսությունից մի բան, որ դիտմամբ են անում, որ ստեղ դատարկվի էնքան, որ քաղաքը մնա ռուսական ռազմաբազաներին սպասարկելու համար: Էս տեսակ վարկած էլ կա, ես հակված չեմ դրան հավատալ, բայց որ ծանր է, ծանր է»,- ասում է նա:
Ըստ Լևոն Բարասեղյանի՝ ասվածի մեջ համոզվելու համար բավական է դրսից որևէ փորձագետ հրավիրվի ու այլ մարզերի ու քաղաքների հետ համեմատի քաղաքի ցուցանիշները՝ բնակարանային ապահովվածություն, գործազրկություն, աղքատություն, ժողովրդագրական ցուցանիշներ:
Սա գյումրեցի մեր զրուցակիցը կապում է երկրաշարժի հետևանքների հետ: Նրա կարծիքով՝ այլապես, վերոնշյալ ցուցանիշներով «կլինեինք մոտավորապես հավասար Հայաստանի միջին իրավիճակին»:
Հիշեցնենք, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժից մեծապես տուժել է նաև Գյումրին։ Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ավելի քան 25 000 մարդ է զոհվել և ավելի քան 500 000 հազարը մնացել անօթևան։
Լևոն Բարսեղյանի ներկայացրած տվյալներով, որոնք իրենց հերթին հիմնված են Ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա, աղքատությունը Գյումրիում 47-48 տոկոս է, ինչը նշանակում է, որ ամեն երկրորդ մարդն աղքատ է: Լևոն Բարսեղյանը գտնում է՝ որպեսզի իրավիճակը Գյումրիում շտկվի, իշխանությունը պետք է հակամիջոցներ ունենա, որը կարող է արտահայտվել որոշակի վարկային, հարկային արտոնությունների տեսքով՝ մինչև իրավիճակը Գյումրիում կհավասարվի Հայաստանի միջինին:
Մեր զրուցակիցը նշում է, որ այս մասին ինքն անձամբ, ինչպես նաև Գյումրիից մտավորականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ տասը տարի շարունակ խոսում են, դիմում են և մերժվում են:
«Տնտեսական ազատ գոտու մասին խոսվում էր դեռ Արմեն Դարբինյանի ժամանակ: Քոչարյան Ռոբերտին ասուլիսներին մի երկու անգամ ես եմ ասել: «Չէ, դա կբերի չարաշահումների: Չենք կարա վերահսկել: Գյումրին կդառնա օֆշորային գոտի, յաման-յաման: Չի կարելի, չի կարելի»։ Մեկ էլ լսում ենք, որ դու մի ասա, Էջմիածնի կողքը կարելի է: Զվարթնոցի տիրույթներում, հիմա խոսակցություններ կան էդ մասին»,- ասում է Լևոն Բարսեղյանը և հավելում. «Մենք նպաստ չենք ուզում: Չնայած կա մի շերտ, որը մեծացել է օգնության վրա նստած, և էդ մարդիկ հետ են վարժվել աշխատելուց: Մորթես, չեն աշխատի»:
Գյումրիի տարբերությունը ընդհանուր աղքատ Հայաստանից նախևառաջ անօթևանների թվով է արտահայտվում: Անօթևանները, ըստ Լևոն Բարսեղյանի, տարբեր խմբերում են, և նրանց ամենախոշոր մասը երկրաշարժից անօթևան դարձած, հետո կիսված ընտանիքների այն մասերն են, որոնք չեն գնացել նորակառույց բնակարաններ: «Այսինքն՝ կառավարության 1998 թվականի չարաբաստիկ որոշումը սահմանում էր, որ անօթևան դարձած ընտանիքներին պետք է փոխհատուցվի այնքան սենյակ, որքան կորցրել են իրենք, բայց դա ձգվեց 24 տարի, և էդ 4-5 հոգանոց ընտանիքները դարձան 16-20:
Ստացվում է, ըստ Բարսեղյանի, որ այդ տասնհինգ հոգուց մի ընտանիքն է գնում ապրելու պետության միջոցներով կառուցված նորակառույցում. մնացած մնում են տնակներում: «Իսկ պետությունը համարում է, որ այս ընտանիքների նկատմամբ իր պարտականությունն արդեն կատարել է, այլևս պարտավորություններ չունի»,- ամփոփեց Լևոն Բարսեղյանը և հավելեց, որ տարիների ընթացքում անօթևանների այս թվերը երկրաչափական պրոգրեսիայով աճելու են. հետո կունենանք 6000 անօթևան ընտանիք, տասը տարի հետո՝ 10000:
Գյումրին կոլորիտ է, ոգի, գյումրեցին ունի իր հայտնի դեմքը. արդյո՞ք այն չի աղավաղվել այս վայրիվերումների ընթացքում, Tert.am-ի այս հարցին ի պատասխան Լևոն Բարսեղյանն ասաց. «Գյումրեցու էդ դեմքը Սովետի ժամանակ մոգոնված կարծրատիպային դեմք է, որը մինչև հիմի ձգվում է: Երբ հենց Գյումրի Երևանից պաշտոնյա է գալիս, քաղաքի մուտքի մոտ տանում են դերասաններին, հագցնում են տարազ, ֆայտոն նստացնում, դերասանները գյումրվա բարբառով սկսում են ծամածռություններ և ողջույնի ելույթներ ունենալ: «Բարով եք էկե, Ձեզ ղուրբան էղնիմ, տրա-լյա-լյա» և տենց այլանդակ ստերեոտիպային կերպարը սկսում են տարածել Հայաստանում, աշխարհում: Ես կարծում եմ, որ այդ կերպարն ունեցել ենք Պոլոզ Մուկուչի ժամանակներում միայն»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Ինչ վերաբերում է գյումրեցու հումորին, ապա այստեղ ևս Լևոն Բարսեղյանի կարծիքը տարբեր է: Նրա խոսքով՝ գյումրեցիք ոչ թե հումորով են, այլ հումորն իրենց կենցաղն է, առօրյան ու վարքաբանությունը:










