Կահիրեում այրել են «Մուսուլման եղբայրների» շտաբ-բնակարանը
«Մուսուլման եղբայրներ» կուսակցության Կահիրեի գլխավոր գրասենյակը երեկ ուշ երեկոյան հարձակման է ենթարկվել, ինչից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։ Agence France-Presse-ը տեղեկացնում է, որ շարժման պաշտոնական ներկայացուցչության հրկիզմանը մասնակցել է շուրջ 200 մարդ։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, ինչից հետո միայն հաջողվել է ցրել ցուցարարներին։
Reuters-ը տեղեկացնում է, որ փորձել են Կահիրեում ևս մեկ գրասենյակ այրել։
Իսլամիստական շարժման շինությունների վրա հարձակումներն իրականացվել են Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների թեժ բախումների ֆոնին։
Հիշեցնենք, որ Մուրսին նախագահական ընտրություններում առաջադրվել էր հենց ««Մուսուլման եղբայրներ» իսլամիստական խմբավորման կողմից։
Երկրում բազմահազարանոց բողոքի ցույցեր էին սկսվել այն բանից հետո, երբ Մուրսին ցանկացել էր Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել՝ էապես մեծացնելով նախագահի լիազորությունները։
Վերջին օրերի ընթացքում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 7, վիրավորվել ավելի քան 600 մարդ։










