Եգիպտոսի հականախագահական ակցիաներից արդեն տուժածներ կան

23:59 • 07.12.12

Քսանհինգ մարդ է տուժել Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից, որոնք Աշ-շարկիա շրջանի Ազ-Զակազիկ քաղաքում փորձում են գրոհելով գրավել այն շենքը, որում բնակվում են նախագահի ընտանիքի անդամները, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Տան մոտ ոստիկանության հետ բախումներին մասնակցում են մոտ 3 հազար ընդդիմադիր:


Նրանք ոստիկաններին քարկոծել են և դյուրավառ նյութերով շշեր են նետել: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Անվտանգության միջոցառումներն ամրապնդելու համար բախումների վայր են ժամանել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հարյուրավոր անդամներ, որոնց շարքերից է Մուրսին սկսել իր քաղաքական վերելքը:


Մուրսիի ընտանիքը այդ տնից տարհանվել էր նախօրեին:


Այսօր Եգիպտոսի ողջ տարածքով բախումներ են ընթանում Մուրսիի կողմնակիցների և նրա քաղաքականությունից դժգոհ ուժերի միջև: