Եգիպտոսցի ակտիվիստները մերժել են նախագահի՝ երկխոսություն սկսելու կոչը
Եգիպտոսի ժողովրդավարական շարժումը մերժել է նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ երկխոսություն սկսելու առաջարկը և նշել, որ կշարունակի բողոքի ակցիաներն ընդդեմ երկիր ղեկավարի, հայտնում է The Jeusalem Post-ը։
Պարբերականը նշում է, որ «Ապրիլի 6» կոչվող շարժումն առանցքային դերակատարում է ունեցել նաև Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ կազմակերպված ցույցերում։
Ավելի վաղ Մուրսին ուղիղ եթերով կոչ էր արել ընդդիմադիրներին շաբաթ օրն ազգային երկխոսություն սկսել Կահիրեի իր նստավայրում, որի դիմաց արդեն մի քանի օր է, ինչ բախումներ են տեղի ունենում նախագահի աջակիցների և ընդդիմադիրների միջև։
Վերջին զարգացումների պատճառը Մուրսիի նախաձեռնած օրենսդրական մի շարք փոփոխություններն են, որոնք նախագահին օժտում են բավական լայն լիազորություններով և զրկում են դատական մարմիններին Մուրսիի ընդունած որոշումները վերանայելու իրավունքից։










