ԲՀԿ-ի բրյուսելյան այցից ՕԵԿ-ի համար երկու բան պարզ դարձավ. Հեղինե Բիշարյան

14:25 • 07.12.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ բրյուսելյան այցից երկու բան պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է և Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է առաջադրվել։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:


Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ԲՀԿ-ի բրյուսելյան այցն արդյոք ՕԵԿ-ին ոչինչ չի՞ հիշեցնում, երբ նմանատիպ սցենարով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը 2006թ-ին՝ լոնդոնյան այցից հետո, ԲՀԿ-ի բրյուսելյան հայտարարության նման մի հայտարարություն տարածեց, ապա վերադարձավ, հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից և նախագահական ընտրություններից հետո իրեն ընդդիմադիր հռչակեց:


Հեղինե Բիշարյանը լրագրողին հավատացրեց, որ նման հայտարարություն չի եղել, և դա սրճարանում թեյի շուրջ զրույց է եղել: «ՕԵԿ-ը երբեք դրսից ոչինչ չի ասել»,- հավատացրեց նա, ինչը համոզիչ չհնչեց լրագրողների համար և բուռն քննարկման առիթ դարձավ:


Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի սցենարին, ապա Հեղինե Բիշարյանը ևս մեկ անգամ ստիպված էր կրկնել, որ Արթուր Բաղդասարյանը տարաձայնություն ուներ գործող նախագահի հետ:


«Մենք հրաժարական ենք տվել արժանապատիվ, թափանցիկ և պարզ ձևով և միանգամից հռչակել մեզ ընդդիմադիր՝ ժամանակ չենք շահել: Գտել ենք, որ մեր ղեկավարը բավական կայացած քաղաքական գործիչ է և ունի այդ իրավունքը մասնակցելու և մասնակցել է»,- ասաց նա:


Ճեպազրույցին ներկա Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ինքը հպարտությամբ է ասում, որ 2007թ-ին Արթուր Բաղդասարյանը սկզբունքային առաջադրվեց և ստացավ շուրջ 300 000 վստահության քվե: «Ցխկվում են, տրաքվում են ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանից»,-իր խոսքը, որը շահարկման թեմա էր դարձել, ևս մեկ անգամ կրկնեց նա և խորհուրդ տվեց, որ պայթելուց ընկերներին չվնասեն: