Գետահովիտցիները միաբերան դեմ են արտահայտվել «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի կառուցմանը

14:29 • 07.12.12

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչները երեկ կազմակերպված հանրային լսումներին միաբերան դեմ են արտահայտվել «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի կառուցմանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղի բնակիչ Ղազար Ենգիբարյանը: 


Նա նշեց, որ համայնքին ոչ մի փորձաքննություն չի հետաքրքրում, քանի որ մարդիկ արդեն տեսել են շահագործվող առաջին ՀԷԿ-ի հետևանքները:


«Քննարկումը երկար չտևեց: Ինձ զարմացրեց, որ բոլորը միաբերան դեմ արտահայտվեցին ու ծափահարեցին: Նրանք հասկացան, որ այս հարցը պետք է միասին լուծեն»,– ասաց նա:


«Մարդիկ տեսնում են, որ երկրորդը ավելի մեծ հզորություն է ունենալու, իսկ գետի ջուրը արդեն չի հերիքում, չեն կարողանում ոռոգել այգիները: Ի վերջո, սա կհանգեցնի էկոլոգիական աղետի՝ կենդանաբանական ու բուսական տեսակների վերացում, փլուզումներ և այլն»,- ասաց նա:


Համայնքի բնակիչը նշեց, որ եթե կառուցվի երկրորդ ՀԷԿ-ը, ապա կռիվ է սկսվելու երկու ՀԷԿ-երի միջև, քանի որ Խաչաղբյուրի ջուրը չի հերիքելու երկուսի բնականոն աշխատանքի համար:


Ղազար Ենգիբարյանը, անդրադառնալով ՀԷԿ-ի հնարավոր սեփականատիրոջը, նշեց, որ նախկին գյուղապետը այդ հսկայական տարածք տվել է վարձակալության ԱԺ պատգամավոր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին:


«Տարածքը տրվել է 99 տարով, որտեղ նա իրավունք ունի ցանկացած բան կառուցելու կամ ենթավարձակալության հանձնելու: Հիմա թե ով է սեփականատերը՝ հույժ գաղտնի է պահվում: Կարծես բոլորը պարտիզան լինեն»,- ասաց նա:


Ղազար Ենգիբարյանը նաև նշեց, որ գյուղապետը պետք է քննարկումներից քաղվածք պատրաստի ու կնիքով ուղարկի Բնապահպանության նախարարություն:


«Մենք պայքարելու ենք մինչև վերջ ու թույլ չենք տալու երկրորդ ՀԷԿ-ը կառուցել: Բայց միայն խաղաղ ու օրինական ճանապարհով ենք հարցը լուծելու»,- ասաց նա:


Մամուլի ասուլիսին ներկա բնապահպան Մարիամ Սուխուդյանը ասաց, որ հարկ եղած դեպքում իրենց իրականացնելու են «Թռչկան 2» օպերացիան: