Գիշերը թողնեինք, գելերն ուտեին, լավ չէ, օր պահել ենք բաժնում. ոստիկանների պատասխանը տավուշցի քաղաքացիների
Դեկտեմբերի 5-ին երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում Պաշտպանի արագ արձագանքման թեժ գիծ է ահազանգել Տավուշի մարզի մի բնակչուհի և հայտնել, որ իր տղային և հարսին նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանները տարել են ` չհայտնելով ոստիկանության կոնկրետ որ բաժին: Քաղաքացին միաժամանակ խնդրել է որևէ տեղեկություն ստանալ նրանց գտնվելու վայրի մասին: Այս մասին կարդում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցը մինչև գիշերը ժամը 02:00-ն զանգերի միջոցով ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից փորձել է տեղեկություն ստանալ Միսակ Գրիգորյանի և Հեղինե Սեդրակյանի գտնվելու վայրի մասին, և պարզել, որ տվյալ քաղաքացիները մի պահ եղել են ոստիկանության Դիլիջանի բաժնում, իսկ հետո Շիրակի մարզային վարչության աշխատակիցները նրանց տեղափոխել են Շիրակի մարզային վարչության բաժիններից մեկը: Այդ ընթացքում Միսակ Գրիգորյանը զանգահարել է թեժ գիծ և հայտնել, որ իրեն երեկոյան ժամը 22:00-ին բաց են թողել ոստիկանության Դիլիջանի բաժնից (մինչդեռ մեզ Տավուշի մարզային վարչությունից տեղեկացրել էին, որ ոստիկանության Դիլիջանի բաժնում Միսակն ու Հեղինեն ընդամենը մի պահ են եղել, իսկ հետո նրանց տարել են Շիրակի մարզային վարչություն):
Իսկ Հեղինե Սեդրակյանի գտնվելու վայրի մասին ՄԻՊ գրասենյակում տեղեկացել են ավելու ուշ նրա եղբորից: Վերջինս մեր աշխատակցին հայտնել է, որ ոստիկանության Ախուրյանի բաժնից իրեն զանգել են և ասել, որ գա և քրոջը՝ Հեղինեին ուղեկցի տուն: Սակայն ավելի ուշ մեկ այլ զանգով Հեղինեի եղբայրը տեղեկացրել է, որ իրեն նույնպես պահել են ոստիկանության Ախուրյանի բաժնում և թույլ չեն տվել դուրս գալ:
Մեր աշխատակիցների միջամտության արդյունքում, բազմաթիվ խախտումներ արձանագրելուց հետո միայն Հեղինեի եղբորը բաց են թողել, իսկ ավելի ուշ՝ Հեղինեին:
Նշենք, որ Հեղինե Սեդրակյանը առանց որևէ կարգավիճակի պահվել է ոստիկանության Դիլիջանի բաժնում, իսկ հետո՝ ոստիկանության Ախուրյանի բաժնում՝ ընդհանուր առմամբ մոտ 24 ժամ: Մեր աշխատակցի հարցին՝ թե ինչու Հեղինեին գիշերը թույլ չէին տվել տուն գնալ, ոստիկանության Ախուրյանի բաժնի աշխատակիցը պատասխանել է՝ «Գիշերը թողնեինք, գելերն ուտեին, լավ չէ, օր պահել ենք բաժնում»:
Նյութում նշված անուն-ազգանունները փոխված են:










