Պետական դավաճանության մեջ մեղադրվողի մայրը բողոքի ցույց է անում նախագահականի դիմաց

19:32 • 07.12.12

Նախագահի նստավայրի առաջ «Որդիս անմեղ է, անօրեննե ՛ր» ցուցապաստառով արդեն 4-րդ օրը բողոքի ակցիա է անցկացնում Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ կապի և պետական դավաճանության համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Չտրկյանի մայրը` Անահիտ Չտրկյանը:


Tert.am-ի հետ զրույցում Անահիտ Չտրկյանն ասաց, որ մինչև նախագահ Սերժ Սարգսյանը նրա խնդրին չարձագանքի, ինքն ամեն օր, մինչև նախագահական ընտրություններ գալու է այստեղ և իր բողոքն է արտահայտելու:


Անահիտ Չտրկյանը հավատացնում է, որ իր տղան ընդհանրապես կապ չունի այդ մեղադրանքի հետ և ըստ նրա, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան և իր հետ գործում մեղադրվող մյուս 5 երիտասարդներին ներառել են, որպեսզի ցույց տան, թե իրենք դավաճանների խումբ են բռնել:


«Չգիտեմ այդ գործում միակ մեղավորը Կարեն Մեհրաբյանն է, իսկ մյուսներին ԱԱԾ-ի աշխատակիցները ներառել են պարտակելու գործում մասնակից փոխգնդապետին, ով կապ է ունեցել Կարեն Մեհրաբյանի հետ փաստաթղթերը ադրբեջանական կողմին փոխանցելու ժամանակ»,- ասաց նա:


Անահիտ Չտրկյանը, մանրամասնելով գործի էությունը, նշեց, որ իր տղան 2011թ-ին Թուրքիա էր գնացել, որպեսզի պայուսակներ բերի և Հայաստանում վաճառի: Այնտեղ ծանոթանում է Կարեն Մեհրաբյանի հետ, ով հետագայում իր տղայից խնդրել է համակարգիչ տրամադրել իրեն, որ կնոջ հետ Skype-ով խոսի, և այդ ժամանակ էլ ըստ նրա, Մեհրաբյանը ինչ-որ թղթեր է scan արել այդ համակարգչով, որն էլ որպես ապացույց են ներկայացրել, որ մասնակից է հանցանքին:


«Երբ ԱԱԾ-ի աշխատակիցները եկան մեր տուն խուզարկության, իմ տղան ինքը նրանց ուղեկցեց քեռու տուն, որպեսզի նրանց հետաքրքրող համակարգիչը տար: Եթե իմանար, որ նման փաստաթղթեր կան, նա ծրագրավորող է մասնագիտությամբ, կջնջեր համակարգչի հիշողությունից, ինչո՞ւ պետք է ինքը անձամբ նրանց տար դրանք»,- հարցրեց նա:


Հիշեցնենք, որ համաձայն մեղադրանքի` Թուրքիայում Աշոտ Չտրկյանը ծանոթացել է Սայիդ և Տիգրան անուններով երկու ադրբեջանցիների հետ, հավաքագրվել նրանց կողմից և առաջադրանք ստացել հավաքել տեղեկություններ ՀՀ և ԼՂՀ զորամասերի մասին:


Մեղադրական կողմը պնդում է, որ Չտրկյանը օգնել է գործով անցնող հիմնական մեղադրյալ Կարեն Մեհրաբյանին, միչդեռ մոր պնդմամբ՝ գործում միակ ճշմարտությունն այն է, որ իր պաշտպանյալն իրոք ապրել է Թուրքիայում և ճանաչել է Կարեն Մեհրաբյանին: