Ավտոպատահար Իջևանում. տուժածների վիճակը՝ գնահատվում է միջին ծանրության
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ դեռեվս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի AVO 888 և «Օպել» մակնիշի 32 ԼՕ 418 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Օրբելյանը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի Վարորդ Ռ. Հարությունյանը և ուղևոր Ս. Մաքսյանը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Իջևանի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:










