«Նուբարաշենի» թմրամոլ դատապարտյալը խնդրում է իրեն բուժել, սակայն մերժվում է
Tert.am-ին է զանգահարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը և տեղեկացրել, որ ինքը 6-7 ամիս շարունակ ՔԿՀ-ի ղեկավարությանը խնդրում է իրեն ընդգրկել «Մետադոն» ծրագրում, սակայն նրան մերժում են և մաղարիչ պահանջում։
«Չէ՞ որ սա Ազգային ժողովի կողմից ընդունված ծրագիր ա: Ձեզնից ես անօրինական բան չեմ խնդրում, նարկոմանիայի բժիշկները գալիս, ասում են՝ «դու հարյուր տոկոս պետք ա ստանաս, դու գրանցված հիվանդ ես 2008 թվականից»: Գնում են, հետո գալիս են՝ ասում են՝ «բա, գիտես ինչ կա՝ վարչության պետն ա դեմ, եսիմ ով ա դեմ»»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սմբատյանը։
Նշենք, որ «Մետադոնային փոխարինող բուժման» ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որևէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ:
«Էրեկ էլ երակներս կտրում եմ, ասի՝ մահանամ, պրծնեմ … գալիս են, որ թևերս կարեն, պերեվյազկա անեն, ստեղի բուժմասի տեղակալը՝ Կարապետյան Գալուստը՝ ինձի ասում ա, մի 1000 դոլարի մաղարիչ արա, տամ Սեմերջյան Պետրոսին, չեմ էլ ճանաչում, հարցրի՝ ասեց նարկոմանիայի բուժումն ա նշանակում, հինգ օրվա մեջ քեզի «Մետադոն» նշանակեմ: Խի՞ ես ընկել դեղի հետևից: Շատ էլ, որ… անուններ ա տալիս՝ օպեր բաժինը չի ուզում, վարչության պետը չի ուզում, քանի որ իրանք համոզված են, որ դու անընդհատ բերելու ես դեղ, բռնվելու ես, իրանք էլ ցուցանիշ են ցույց տալու»:
Արթուր Սմբատյանն ասաց, որ «Նուբարաշենում» է 2006 թվականի հոկտեմբերի 28-ից և ազատազրկման է դատապարտված եղել 2 տարի 6 ամսով: Դրանից հետո չորս անգամ «դեղով» (թմրամիջոց պահելու համար) դատապարտվել է:
«Առաջին անգամ վարչական տուգանք են տվել, երկրորդ անգամ վեց ամիս կալանքիս ավելացրել են: Երրորդ անգամ ընդհանուր կալանքս հեչ են արել, նորից դատապարտել են, էլ չորրորդ անգամ՝ամսի 30-ին եմ էլի ստեղ բռնվել դեղով: Անընդհատ տենց բռնվում եմ»,- պատմեց կալանավորը:
Արթուր Սմբատյանն ասաց, որ իրեն Գալուստ Կարապետյանը երկու քաղաքային համար է տվել՝ 47-12-51 և 47-11-72 և ասել է. «Չասես Սմբատյան Արթուրն ա, կասես Կարապետյան Գալուստին եմ ուզում, կվերցնես՝ կասես՝ ես եմ, մի հատ արի, ինձ տես: Հենց հազար դոլար ունենաս, զանգի ես հինգ օրվա մեջ քո «Մետադոնը» նշանակել տամ»:
Արթուրի ընտանիքը նրա՝ չորրորդ անգամ դատապարտվելուց հետո հրաժարվել է Արթուրից, իսկ կինը նրա հեռախոսազանգերին չի պատասխանում: «Զանգերիս, դաժե զանգերիս չեն պատասխանում»,- ասաց Արթուրը, ով այսօր մեզ հետ խոսում էր բերանը կարած վիճակում, քանի որ հայտարարել է հացադուլ: Ներկայում նա գտնվում է կարցերում և վաղը տեղափոխվելու է հացադուլի խուց:
Արթուրն ասաց, որ իրեն առաջարկել են խելոք մնալ՝ կարցերից դուրս գալու պայմանով, սակայն ինքը չի համաձայնել՝ ասելով. «Չէ, տասը օ՞ր եք տվել, մնալու եմ ու սաղիդ քթերից բերելու եմ»:
Արթուրի տեղեկացմամբ ինքը երկու անգամ ինքնասպանության փորձ է արել՝ մեկ անգամ կախվելու, մյուս անգամ՝ ապակին կոտրելու և իր փորը մտցնելու միջոցով:
«Ինձ տանջում են, տանջելով սպանում են, ես ստիպված եմ գնում էս քայլին»,– ասաց նա:
Նշված հեռախոսահամարով Tert.am-ը փորձեց կապ հաստատել Գալուստ Կարապետյանի հետ, սակայն 47-11-72 հեռախոսահամարից ասացին, որ ո՛չ Գալուստ Կարապետյանը, ո՛չ նրա տեղակալը տեղում չեն:
Tert.am-ի հետ զրույցում ՔԿՀ վարչությունների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ «Մետադոն» ծրագրում ընդգրկվելու հետ քրեակատարողական հիմնարկները կապ չունեն:
«Դա հանձնաժողով է, որը որոշում է՝ տվյալ մարդն ընդգրկվի՞, կապ չունի դատապարտյալ է, թե չէ, ընդգրկվի այդ ծրագրի մեջ»,- ասաց Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ ՔԿՀ-ն այս հարցում չի կարող որևէ միջնորդություն անել:
«Ինքը դիմումը գրում է, մենք այն ուղարկում ենք հանձնաժողովին: Հարգելիս, մենք ոչ մի խնդիր չունենք: Կապ չունենք դրա հետ, ընտեղից որ մերժում են, մենք ի՞նչ անենք»,- ավելացրեց նա:
Ի պատասխան հարցի, թե, ըստ դատապարտյալի՝ բուժմասի վարչության պետն առաջարկում է միջնորդել, Գոռ Ղլեչյանն ասաց.«Էհ, լավ էլի, չի կարող տենց բան պատահել, դա իրականությանը չի կարող համապատասխանել»:
Գոռ Ղլեչյանը, հաշվի առնելով, որ այսօր օրը աշխատանքային չէ, ասաց, որ երկուշաբթի օրը հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ:










