Այս ձմեռը կլինի տաք, բայց տեղումնառատ. օդերևութաբանական կանխատեսում

12:11 • 08.12.12

Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը կանխատեսում է տաք և տեղումնառատ ձմեռ։ 


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ այս ձմռան բոլոր երեք ամիսներին ջերմաստիճանը կլինի նորմայից 1-3 աստիճան բարձր, տեղումները նույնպես կլինեն նորմայից շատ։


«Դեկտեմբերի առաջին տասնօրյակը հանրապետությունում աչքի ընկավ բարձր ջերմաստիճանով, ներկա պահին ևս շարունակվում է բարձր մնալ, սակայն դեկտեմբերի 10–ի գիշերը ցածր կլինի, իսկ 14-15–ին ջերմաստիճանի լուրջ անկում է սպասվում»,– տեղեկացրեց նա՝ վստահեցնելով, որ Երևանում մինչև դեկտեմբերի 15–ը ձյուն չի լինի։


Ըստ մասնագետի՝ այսօր ողջ օրվա ընթացքում կլինեն տեղումներ, իսկ վաղը ցերեկը տեղումները կդադարեն։


Հանրապետության լեռնային տարածքներում արդեն նկատվում է ձյունածածկույթ։ Այս պահին դժվար անցանելի են Աշտարակ–Ապարան, Չարենցավան–Հրազդան, Ջերմուկ–Սիսիան ճանապարհները։


Անդրադառնալով գլոբալ տաքացման թեմային՝ բանախոսն ասաց, որ Հայաստանի տարածքում ներկա փուլի գնահատմամբ արտասովոր փոփոխություններ չեն գրանցվել, միայն վերջին տարիներին մի փոքր՝ 0,3-0,4 աստիճանի բարձրացման տենդենց է նկատվել։


Գագիկ Սուրենյանը վստահեցրեց, որ հանրապետության տարածքում եղանակային որևէ արտասովոր փոփոխություն չի լինի։