Human Rights Watch–ը Իսրայելին մեղադրում է պատերազմական հանցագործությունների մեջ
Հեղինակավոր միջազգային Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունն իր վերջին հրապարակած զեկույցում մեղադրում է Իսրայելին վերջերս Գազայի հատվածում իրականացրած ռազմական գործողությունների ընթացքում «պատերազմի օրենքները խախտելու մեջ», հայտնում է The Jerusalem Post-ը։
Փաստաթղթում, մասնավորապես, դիտարկվել է այն դեպքը, երբ նոյեմբերի 18-ին հրեական օդուժի հարվածից զոհվել է 12 խաղաղ բնակիչ։ Սրան ի պատասխան՝ Իսրայելի ԶՈւ խոսնակն ասել է, որ իրենց թիրախում եղել են ոչ թե 12 խաղաղ բնակիչները, այլ «ՀԱՄԱՍ»-ի զինվորական Յահիա Աբայահը։
Սակայն HRW-ն պնդում է , որ Իսրայելի հարձակումն անօրինական էր՝ խաղաղ բնակիչների զոհերի մեծ թվի պատճառով։
«Նույնիսկ, եթե Յահիա Աբայահը, պատերազմի օրենքներին համաձայն, օրինական թիրախ էր, այնուամենայնիվ հրեական օդուժը պետք է հաշվի առներ, որ այդ հարվածից կարող են մեծ թվով մարդիկ զոհվել»,- ասվում է կազմակերպության զեկույցում։
Բացի այդ, զեկույցում նաև նշվում է, որ 8-օրյա պատերազմի արդյունքում զոհվել է 103 պաղեստինցի և 4 հրեա խաղաղ բնակիչ։










