Պետությունը պետք է վերանայի աղանդների մասին օրենքը. «Մեկ ազգ դաշինքի» համանախագահ

16:57 • 08.12.12

«Համախմբվել է պետք աղանդների դեմ պայքարում: Որտեղից է սկսվել սխալը և մինչև ուր է տանելու» թեմայի շուրջ այսօր կայացած ասուլիսին խոսեց «Մեկ ազգ դաշինքի» համանախագահ Գոռ Թամազյանը՝ պահանջելով, որ Հայաստանի կառավարությունը միանշանակ վերանայի իր մոտեցումը հակաքաղաքական աղանդների մասով, հակառակ դեպքում մեր պետության բյուջեն որոշ ժամանակ անց կարող է գնալ Եվրադատարանում շահած «Եհովայի վկաներին»:

«Այդ կազմակերպությունը ավելի տոտալիտար աղանդ է, և այն իր մեջ պարունակում է ապազգային տարրեր»,- ասաց Գոռ Թամազյանը՝ նշելով, որ իրենք իրենց երևակայում են ինչ-որ բարձր կարգի դաս, և իրենք արդեն սովորել են, որ ոչինչ չպետք է տան Հայաստանին, բայց ստանան:

Ըստ բանախոսի՝ «Եհովայի վկաները» դրսից (այլ երկրների կողմից) ֆինանսապես և քաղաքականապես հովանավորվող կազմակերպություն է, իսկ այն, ինչը դրսից է հովանավորվում, երբեք չի կարող ծառայել մեր ազգի շահերին:

Անդրադառնալով նշված կազմակերպության մի շարք անդամների՝ Եվրադատարանում Հայաստանի դեմ ներկայացրած Զինված ուժերում ծառայելու պարտավորությունից ազատվելու վերաբերյալ հայցերին՝ բանախոսը նշեց, որ դասալիքները կարողանում են նույնիսկ մեր պետությանը դատի տալ և շահել, ինչը վատ օրինակ է մյուսների համար: