ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնահարցերը

13:26 • 08.12.12

Մեկը մյուսին են հաջորդում ՀՀ կառավարության որոշումները, որոնց համաձայն սիրիահայերի մուտքն ու կեցությունը Հայաստանում կազմակերպվում է հնարավորինս դյուրին ընթացակարգերով: Շարունակում է առաջնահերթ մնալ Հայաստանում գտնվող սիրիահայերի որոշ մասի մասնագիտական ու ըստ նախասիրությունների աշխատանքով ապահովելու, ինչպես նաև բնակարանային վարձի հիմնախնդիրը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը, Հայաստան ժամանած սիրիահայերի մի մասն ունի ազատ կապիտալ, մի մասն էլ՝ Հայաստանում գործ հիմնելու, ներդրումներ կատարելու ցանկություն:

 

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև Զարգացման հայկական գործակալության, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերի կենտրոնի աջակցությամբ շարունակաբար հանդիպում-խորհրդակցություններ են հրավիրվում, որոնց նպատակը ներդրումների պատրաստակամություն ունեցող սիրիահայերին հայաստանյան բիզնես միջավայրի և իրավատնտեսական օրենսդրության առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկումն է:

 

Սիրիայում կայացած գործարարները ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով այցելել են Նոր Եդեսիայում գտնվող «ԱրմԱս» ՍՊԸ-ի կոնյակի և գինու գործարան: «ԱրմԱսի» տնօրեն Արմեն Ասլանյանը սիրիահայ գործարարներին պատմել է, որ Հայաստանից 20 տարվա բացակայությունից հետո վերջին 6 տարիներին վերադարձել է հայրենիք՝ ձեռք բերելով 180 հեկտար հողատարածք և իտալացի մասնագետների ներգրավմամբ կառուցել է 4000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող կոնյակի ու գինու գործարան, հիմնել՝ խաղողի և պտղատու ծառերի այգի:

 

Սիրիահայերը շրջել են գործարանում, ծանոթացել արտադրության ողջ գործընթացին, տեխնոլոգիաներին, ստորագրել Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ «Խաղաղություն հալեպահայերին» մակագրությամբ գինու տակառի վրա, շրջել այգիներում:

 

Այնուհետև մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության ոլորտի օրենսդրության, հարկային ու մաքսային քաղաքականության մասին: Գործարարները տեղեկացել են, որ սարքավորումների ներմուծման ընթացքում կազմակերպությանը հնարավորություն է ընձեռնված սահմանված կարգով հետաձգել ԱԱՀ-ի վճարումը: Ներկաները խորհրդակցել են գյուղատնտեսության ոլորտի ռիսկերի, ինչպես նաև առկա խնդիրների մասին: «ԱրմԱսի» տնօրենն իր օրինակով փաստել է, որ պետությունը խրախուսում է ներդրումները կառավարության ծրագրերում գերակա ուղղություն հանդիսացող գյուղատնտեսության, գինեգործության ու կոնյակագործության բնագավառներում, նպաստում է նշված ոլորտների զարգացմանը: Ու թեև գործարանի առաջին արտադրանքը պատրաստ կլինի եկող տարվա մայիսին, վստահ է, որ արդյունավետ կընթանան նաև արդյունահանման գործընթացները:

 

Հանդիպման ավարտին գործարար սիրիահայերը կիսել են իրենց կարծիքները, նշելով որ հանդիպումը կողմնորոշման առումով օգտակար էր իրենց առաջիկա ներդրումային ծրագրերը իրականացնելու գործում:

 

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հիշեցրել է վստահելի գործընկերներ ձեռք բերելու և որակյալ խորհրդատվության կարևորության մասին՝ շեշտելով, որ ՀՀ հարկային ու մաքսային օրենսդրության, բիզնեսի հիմնման վերաբերյալ խորհրդատվությունը անհրաժեշտ է ստանալ պետական կառույցների միջոցով: