Աֆղանստանում ամբոխը հարձակվել է իրանական հյուպատոսության վրա
Մի քանի հարյուր ցուցարարներ այսօր կեսօրին գրոհել են Աֆղանստանի Հերատ քաղաքում Իրանի հյուպատոսությունը, շինությանը զգալի նյութական վնաս հասցնելով, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով «Տոլո» հեռուստաալիքին:
Մարզի ոստիկանության վարչության ղեկավար Աբդուլա Համիդի խոսքով, տեղի ժամանակով ժամը 11:00-ին սկսված խաղաղ ցույցը (10:30 Երևանի ժ.), շուտով վերաճել է տարերային բախման:
Ցուցարարները հյուպատոսությունը քարկոծել են և փորձել ներխուժել տարածք:
Նման ակցիայի պատճառ է հանդիսացել Իրանում 13 աֆղանստանցի թմրավաճառների մահապատիժը:
Բողոքի ցույցեր էին կազմակերպել մահապատժի ենթարկվածների հարազատները, որոնց, իրենց խոսքով, Իրանի իշխանությունները հրաժարվել են վերադարձնել կախաղան հանված հարազատների մարմինները:
Ոստիկանապետի խոսքով, մի քանի ոստիկաններ վնասվածքներ են ստացել, պաշտպանելով իրանական դիվանագիտական ներկայացուցչությունը, սակայն դիվանագետները չեն տուժել:
Թմրավաճառության, թմրանյութերի պատրաստման և տեղափոխման համար Իրանում մահապատժի դատավճիռ է գործում, սակայն երկրում գտնվող բազմաթիվ աֆղանստանցի փախստականներ դրանով են զբաղվում:










