Իրանում ռեկորդային խմբաքանակով թմրանյութ է առգրավվել

11:12 • 09.12.12

Իրանի իրավապահ մարմինները երկրի հարավ-արևելյան շրջանում Պակիստանի սահմանից ոչ հեռու առգրավել են 11 տոննա թմրանյութ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։ 


Ինչպես նշում է պարբերականը, առգրավված խմբաքանակը ռեկորդային է դարձել Իրանի պատմության ընթացքում։


Առգրավվմանը նախորդել է զինված բախումն իրանցի սահմանապահների և թմրանյութ տեղափոխողների միջև։ Բախման հետևանքով հանցագործներից մեկը սպանվել է, ևս մի քանիսը ստացել են վնասվածքներ, սահմանապահների շրջանում կորուստների մասին չի հաղորդվում։

 

Արգելված բեռը, որում, ըստ իրանական սահմանապահների, եղել են «տարբեր տեսակի թմրանյութեր», հանցագործները Պակիստանից տեղափոխել են ուղտերի միջոցով։ Նրանց հայտնաբերելու հարցում իրավապահներին օգնել են տեղաբնակները։


Ըստ պարբերականի՝ Իրանի տարածքով է անցնում հիմնական ճանապարհը, որով թմրանյութ է ներկրվում Աֆղանստանից դեպի Եվրոպա։ Երկրի անվտանգության ծառայությունները հաճախ են անցկացնում գործողություններ՝ արգելված թմրանյութերի խոշոր խմբաքանակներ առգրավելու համար։