Ադրբեջանը նաև ՄԱԿ-ի անդամ է, մենք պետք է դո՞ւրս գանք ՄԱԿ-ից. Կ. Ճշմարիտյանը՝ «պետերբուրգյան փաստաթղթի» շուրջ առկա աղմուկի մասին

13:09 • 09.12.12

ՀՀ տնտեսական զարգացման նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը անտրամաբանական է համարում դեկտեմբերի 2-3-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովի շրջանակներում ստորագրված փաստաթղթի շուրջ բարձրացված աղմուկը, որը առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ նույն փաստաթղթի տակ ի թիվս հետխորհրդային մի քանի երկրների այլ քաղաքական ուժերի, իրենց ստորագրությունն են դրել Հայաստանից՝ Հայաստանի հանրապետական և Ադրբեջանից՝ «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) իշխող կուսակցությունները։


«Ադրբեջանը նաև ՄԱԿ-ի անդամ է, դա նշանակում է, որ մենք պետք է դո՞ւրս գանք ՄԱԿ-ից: Տրամաբանությանը հետևեք էլի։ Մի բան է համագործակցությունը, մի բան է ինտեգրումը, մի այլ բան բարեկամական հարաբերությունը և այլ բան թշնամական հարաբերությունը: Սրանք պետք է տարբերել՝ Ադրբեջանը ՄԱԿ-ի անդամ է, Ադրբեջանը Եվրանեսթի մեջ է, այսինքն այդ տրամաբանությամբ մենք պետք է չընդգրկվենք այն կառույցներում, որտեղ Ադրբեջանը կա՞»,- Tert.am-ի հետ զրույցում հարցադրում արեց նա։
ՀՀԿ պատգամավորը նաև հիշեցրեց, որ Հայաստանը Սևծովյան տնտեսական համագործակցությունում էլ Ադրբեջանի հետ համատեղ ստորագրություն ունի դեռևս 96-97թթ-ին:


Կարեն Ճշմարիտյանը հավատացնում է, որ Հայաստանին չի կարող պարտադրվել անդամակցել այս կամ այն կառույցին, քանի որ ըստ նրա, մեր հանրապետությունը վարում է ինքնուրույն քաղաքականություն:


«Իհարկե մեզ ոչինչ չի պարտադրվում և ընդհանրապես այն երկրներին են կարողանում պարտադրել, երբ տվյալ երկիրը ներսից խնդիրներ ունի, այդ դեպքում երկիրը բարձրաձայնում է իր խնդիրները և այլ երկրների միջամտությունն ակնկալում: Եթե դու որպես երկիր ունես քո ինքնուրույն քաղաքականությունը, դժվար է այդ երկրին ինչ-որ բան պարտադրել»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Նա ընդգծեց, որ թեև Հայաստանն էլ այսօր խնդիրներ ունի, բայց ոչ այնպիսիք, որոնց պատճառով ինչ-որ գերտերություն կարողանա ինչ-որ բան պարտադրել:

Այս համատեքստում ըստ նրա՝ ՀՀԿ-ն մասնակցելով «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովին, որը կայացել է դեկտեմբերի 2-3-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, դեռ չի նշանակում, թե միանում է Եվրասիական միությանը: «Եվրասիական ինտեգրում դեռ չի նշանակում Եվրասիական միությանը միանալ: Դա ընդամենը նշանակում է Եվրոպայի և Ասիայի երկրների ինտեգրում, որը շատ նորմալ երևույթ է»,-ասաց նա և նշեց, որ առհասարակ թյուր կարծիք կա Եվրասիական միության մասին:


«Այս բառախաղի մեջ և՛ լրագրողները և՛ մասնագետները և՛ մեկ-մեկ էլ քաղաքական գործիչները սխալվում են: Եվրասիական ինտեգրումը շատ լավ բան է, ինչը պարզապես նշանակում է ցանկացած երկրների խմբի հետ առավել խորը ինտեգրացիա, իհարկե, հաշվի առնելով քո երկրի շահը»,- ասաց նա:


Եվ բացի այդ, Կարեն Ճշմարիտյանը զարմանում է, թե ինչպես կարելի է նման համաժողովին մասնակցելով այդպես անհանգստանալ, երբ ընդհանրապես Եվրասիական միությունը դեռևս անորոշ կառույց է: «Ես պատրաստ եմ խոսել, թե ինչպես ենք ինտեգրվում Եվրոմիությանը, բայց Եվրասիային ինտեգրումը օդում հնչող գաղափար է»,-ասաց նա:
ՀՀ տնտեսական զարգացման նախկին նախարարի խոսքով՝ Հայաստանի քաղաքական էլիտան բաժանված չէ արևմտամետ և ռուսամետ ճամբարների: «Ընդհանրապես մարդկության ձգտումը նա է, որպեսզի երկրները, մարդիկ խմբերի չբաժանվեն, հակամարտություններ չլինեն տարածաշրջանների և երկրների միջև, և եթե հետևեք, ապա կտեսնեք, որ ձեր հարցադրումը Հայաստանի շահերից չի բխում: ՀՀԿ-ն ոչ մի ուղղության հակված չէ, այլ հակված է միմիայն հայկական ուղղվածության, այսինքն, որտեղ որ Հայաստանի շահերն ավելի հեռանկարային են, որտեղ որ արդյունավետ են, այնտեղ էլ ՀՀԿ-ն է և մեր գաղափարախոսությունը, հենց դրա վրա է հիմնվում: Մենք այլ բան չենք կարող անել, քան ի նպաստ Հայաստանի Հանրապետության»,-հավատացրեց նա:


Ինչ վերաբերվում է «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովին ՀՀԿ-ի նույն համաձայնագրի տակ ստորագրությանը, ինչի տակ ստորագրել է նաև Ադրբեջանի իշխող կուսակցություն հանդիսացող «Ենի Ազերբայջան», ինչն ի դեպ, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ազգայնականների կողմից դժգոհության առիթ էր հանդիսացել, Կարեն Ճշմարիտյանը բացարձակ անհիմն համարեց նման անհանգստությունը: