Ո՞վ է որոշում կայացնում «Բարգավաճ Հայաստանում»
Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի
Թվում է, թե այս հռետորական հարցադրումն ունի ակնհայտ պատասխան. Իհարկե՛ Գագիկ Ծառուկյանը, քանզի նա է այսօր տնօրինում այդ կուսակցության ֆինանսական ողջ հենքը: Սակայն դատելով ամենից՝ վերջին ժամանակահատվածում Գագիկ Ծառուկյանի վրա ահռելի ազդեցություն է թողնում նրա կուսակից Վարդան Օսկանյանը: Եվ այդ իմաստով դժվար է ասել, թե Գագիկ Ծառուկյանի որոշումների ո՞ր մասն է իրենը, իսկ որ մասը` Օսկանյանինը:
Այս իրավիճակը բավականին հակասական վիճակի մեջ է դնում թե՛ Գագիկ Ծառուկյանին, և թե՛ նրա շրջապատին: Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանի հետ ցանկացած պայմանավորվածություն (ներկուսակցական, ներգերատեսչական, կադրային և այլն) ի չիք է դառնում, եթե այդ պայմանավորվածության հետ համաձայն չի լինում ինքը` Վարդան Օսկանյանը: Համենայնդեպս այդպիսի տպավորություն կա ԲՀԿ ներսում։
Ծառուկյանի շրջապատում բողոքում են, որ ըստ էության ավելի հեշտ է պայմանավորվել Օսկանյանի հետ, քան` հենց Գագիկ Ծառուկյանի հետ, քանզի վերջինս օրվա կուրսով մտածողություն ունի և չի հասկանում իր խոսքի իրական արժեքը: Նախկին արտգործնախարարն այդ առումով տարբերվում է կուսակցության դե յուրե ղեկավարից, բայց խնդիրն այն է, որ Օսկանյանը չափից դուրս ագահ է, և ըստ էության շատ քիչ է գնում կոմպրոմիսների բոլոր այն խնդիրներում, որոնք շաղկապված են փողի կամ կուսակցության ներսում իր դերի հետ: Ցանկացած կուսակցական կամ բարեգործական ոլորտում, որտեղ մատչելի տեղեր են հայտնաբերվում, միանգամից հայտնվում է Օսկանյանը:
Օրինակ, երբ ասում են, որ իրականում Օսկանյանի հաջողվել է գումարներ դուրս գրել գումարները Ծառուկյանի դրամապանակից բոլոր այն համայնքների համար, որոնց համար հրապարակայնորեն տրակտորներ են գնվել ու նվիրվել: Իրականում Ծառուկյանը չի էլ իմացել, որ իր ներքևում տասը տրակտոր նվիրում են տարբեր գյուղերի, հետո այդ նույն տրակտորները հավաքում մի անգամ էլ նվիրում Գյումրիին` “խնայելով” էական գումարներ:
Վերը նշված տեսակետին ի հակակշիռ` ոմանք պնդում են, որ իրականում հենց Գագիկ Ծառուկյա՛նն է Օսկանյանի հետ դերաբաշխում կատարել։ Գագիկը ստանձնել բարի, իսկ Վարդանը՝ չար «քննիչի» դերը, այսինքն՝ Ստալին–Բերիա են խաղում ու նպաստում այն թեզի տարածմանը, թե իբր Գագիկը չգիտի Վարդանչիկի արածների մասին, այ որ իմանա...
Մեր կարծիքով, ճշմարտությունը գտնվում է մեջտեղում և դա «մեկ անհատի կուսակցություն» կառուցելու քայլերի հետևանքն է։ Պարզապես հարցն այն է, որ Գագիկն իրեն է տեսնում միակ անհատի դերում, իսկ Օսկանյանն՝ իրեն։
Սակայն վերադառնանք մեր սկզբնական հարցադրմանը: Ո՞վ է որոշումներ կայացնում ԲՀԿ-ում, և ունա՞կ է արդյոք Գագիկ Ծառուկյանը գոնե մեկ հարցում իր խոսքի տերը լինել:
Այդ վերջին հռետորական հարցադրումը թողնենք մեր էլիտար ընթերցողներին, որոնք բախտ են ունեցել ոչ միայն ծանոթ լինել Գագիկ Ծառուկյանի հետ, այլև` մոտիկից հետևել նրա գործունեությանը, և որոնց գնահատականները, կարծում ենք, որ առավել օբյեկտիվ կընկալվի սույն հարցադրման պարզաբանման համար:
Հ.Գ.։ ԲՀԿ-ում շրջանառող անեկդոտը, թե մարդիկ վախենում են կուսակցությունում միտք արտահայտել, որովհետև վախենում են, որ Վարդանիկը իրենց տակը կքանդի (նախկինում այդ դերը Նառային էր վերապահված), իրականում օբյեկտիվ հիմքեր ունի: Բոլորը գիտեն, որ Վարդան Օսկանյանի տիրապետության տակ են կուսակցության մեդիա ռեսուրսները, դրամական հոսքերի հսկողության էական բաժինը, ներկուսակցական խարդավանքների հիմնական օղակները և այլն…










