Սիրիայի բանակը Հալեպում մոտ հազար ապստամբ գրոհային է սպանել

21:53 • 09.12.12

Սիրիայի բանակը կատաղի մարտեր է մղում «վարձկան ահաբեկիչների» դեմ Դամասկոսի հյուսիս արևելյան արվարձաններում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով «Ալ Վաթան» լրատվական ծառայությանը:

 

Ականատեսների փոխանցմամբ, Դամասկոսի Քաբուն և Բերզի արվարձաններից սև ծխի սյուներ են վեր խոյանում, և լսվում են հրետակոծության ձայներ:


Սիրիայի անվտանգության ուժերը այսօր գործողություններ են իրականացրել «Ջեբհատ ան-նուսրա» խմբավորման ծայրահեղականների դեմ, որոնք սողոսկել էին մայրաքաղաքի Քադամ և Թադամուն արվարձաններ: Բանակային հատուկ ջոկատայինները հետապնդում են նահանջող գրոհայիններին Դարյա, Խուդջեյրա և Դիյաբիյա արվարձաններում, որտեղ սպանվել են ավելի քան 70 ահաբեկիչներ, հաղորդում է Syria հեռուստաալիքը:


Հայտնի են դարձել Հալեպում տեղի ՋԷԿ-ի մոտ վերջերս ընթացած մարտերի մանրամասները: «Ալ Վաթանի» տեղեկություններով, կառավարական ուժերը, ինքնապաշտպանության ջոկատների աջակցությամբ այնտեղ կարողացել են ոչնչացնել մոտ 1000 ահաբեկիչ, որոնք փորձում էին գրավել այդ ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական օբյեկտը:


Գրոհայինների դեմ հատուկ գործողություն է իրականացվել Հալեպի հյուսիսում` Բուստան էլ-Փաշա թաղամասում: Այդ մարտերի ընթացքում 49 գրոհային է սպանվել:


Միևնույն ժամանակ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը` հղում կատարելով ապստամբ հրամանատարներին, հաղորդում է ապստամբների՝ Հալեպից 12 կմ հեռավորության վրա գտնվող Շեյխ-Սուլեյման խոշոր ռազմաբազայի վրա հարձակվելու մասին:


Ապստամբները պնդում են, որ բազայի տարածքի զգալի մասը իրենց վերահսկողության տակ է գտնվում: Դամասկոսի ռազմական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանում այդ տեղեկությունները: