ԵՄ 20-ից ավելի երկրների առաջնորդներ ներկա կգտնվեն Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման արարողությանը

10:40 • 10.12.12

Եվրոպական Միության անդամ 20-ից ավելի երկրների նախագահներն ու վարչապետները ժամանում են Օսլո՝ ներկա գտնվելու Խաղաղության մրցանակի՝ ԵՄ-ի ներկայացուցիչներին շնորհելու պաշտոնական արարողությանը, գրում է Вздляд-ը:

 

Ինչպես հայտնում են նորվեգական ԶԼՄ-ները, պաշտոնական արարողությանն իրենց ներկայությունն արդեն հաստատել են Հունգարիայի, Ռումինիայի, Լիտվայի և Ֆրանսիայի նախագահները, ինչպես նաև Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Դանիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Լատվիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Սլովակիայի, Ֆինլանդիայի և Խորվաթիայի կառավարությունների ղեկավարները։ Դեռևս հարցականի տակ է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի մասնակցությունը։ Օսլո չի ժամանի Չեխիայի վարչապետ Վացլավ Կլաուսը, ով ԵՄ-ին Խաղաղության մրցանակի շնորհումն անվանել է «ողբերգական սխալ»։

 

Պատվավոր մրցանակը կստանան Եվրոպական Միության 3 բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը։

 

Բաղձալի մրցանակի շնորհումից բացի, պաշտոնյաներին կշնորհվի նաև 930 հազար եվրո, որին ԵՄ-ի ղեկավարները որոշել են ավելացնել ևս 1 մլն 70 հազար եվրո և տրամադրել այն հակամարտություններից տուժած երեխաների օգնության հիմնադրամին։ Բացի գումարից, 3 պաշտոնյաներին կշնորհվեն նաև Ալֆրեդ Նոբելի կիսադեմով ոսկյա մեդալներ։

 

Սակայն Խաղաղության մրցանակը ԵՄ-ին շնորհելու որոշումը խիստ քննադատությունների է ենթարկվել մի շարք հարավ-եվրոպական երկրների կողմից, որոնք գտնվում են տնտեսական ճգնաժամի մեջ։

 

Նախօրեին Նորվեգիայի մայրաքաղաքում բողոքի լայնածավալ ակցիա է անցկացվել, որի մասնակիցները նշել են, որ ԵՄ-ն արժանի չէ այդ պատվավոր մրցանակին, քանի որ իրականացնում է ռազմական գործողություններ, ագրեսիվ առևտրային քաղաքականություն, ինչպես նաև խիստ միջոցառումներ է կիրառում աֆրիկացի ներգաղթյալների նկատմամբ։