Գերմանական օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցները գործադուլ են անում
Գերմանական օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքի պայմանների բարելավում, հայտնում է РИА Новости-ն։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ գործադուլին արդեն միացել է մի քանի հարյուր մարդ։
Ինչպես նշվում է Verdi սպասարկման ոլորտի աշխատակիցների արհմիության հաղորդագրությունում, գործադուլը սկսվել է երկուշաբթի վաղ առավոտյան և կշարունակվի մինչև կեսօր։ Բողոքի ակցիան, մասնավորապես, կարող է ազդել Դյուսելդորֆի, Ֆրանկֆուրտի, Բրեմենի, Համբուրգի, Հանովերի, ինչպես նաև Բեռլինի երկու օդանավակայանների՝ Թեգելի և Շյոնեֆելդի աշխատանքի վրա։
Handelsblatt թերթի կայքը նշում է, որ գործադուլին միացել է արդեն 250 աշխատակից։ Արհմիությունը սպասում է, որ ակցիային կաջակցի հազար մարդ։
Արհմիության ներկայացուցիչների բանակցություններն Անվտանգության ոլորտի աշխատակիցների դաշնային միության հետ նախատեսվում են հունվարի կեսերին։










