Հայաստանում 2012 թվականի դեկտեմբերին գրանցվել է սննդային թունավորման 5 դեպք:
Հայաստանում 2012 թվականի դեկտեմբերին գրանցվել է սննդային թունավորման 5 դեպք: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ համաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:
«Տարվա ընթացքում արձանագրված թունավորումների դեպքերը եղել են սնկերից, այլ սննդային, ստաֆիլակոկային թունավորման դեպքեր` խաշլամայից, էկլերից, երբ պահպանման կանոնները չեն պահպանվել»,- ասաց Մարգարիտա Բաբայանը:
Ըստ Պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության տվյալների՝ 2012–ի սննդային թունավորման դեպքերից մահվան ելքեր չեն գրանցվել` ի տարբերություն նախորդ տարիների:
«2010-ին մահվան 6 դեպք է գրանցվել` երեխաներ են եղել, որոնք դաշտում սունկ են հավաքել և հենց դաշտում կերել են»,- հիշեցրեց Մարգարիտա Բաբայանը:
Այս տարի թունավորման դեպքեր եղել է նաև Արարատի մարզի մանկապարտեզում, մեկ այլ դեպք`Շիրակի մարզում, երբ խանութից գնել են տնային պայմաններում պատրաստված էկլեր, որ թունավորման պատճառ է դարձել:
«Կարելի է օգտագործել սառեցված, չորացված, աղ դրած մթերքը, որոնք վտանգավոր չեն: Թթու պետք է դնել ոչ հերմետիկ փաթեթավորված, քանի որ, երբ լուծույթի աղի քանակը լինում է 8-10 աստիճան, սպորները չեն բազմանում և թունավորում չեն առաջացնում, կարելի է մուրաբաներ, կոմպոտները պատրաստել, որոնք անվտանգ են»,- ասաց Մարգարիտա Բաբայանը:










