Քաղաքացիներն ամենից շատ դժգոհ են Ոստիկանության և Սոցապնախարարության աշխատանքից. ՄԻՊ

12:27 • 10.12.12

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմած քաղաքացիները հիմնականում դժգոհ են Ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արդարադատության նախարարության, Պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատանքից, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը: 


«Այս տարի սեփական իրավունքների պաշտպանությանը Օմբուդսմենի միջոցով հետամուտ է եղել շուրջ 5600 մարդ: Այդ մարդկանցից մի մասին տրամադրել ենք իրավաբանական խորհրդատվություն, իսկ 2290 դիմումների ընթացք ենք տվել: Դրանց ընթացք տալուց հետո պարզվել է, որ 820 մարդու բողոք հիմնավոր է»,- ասաց ՄԻ պաշպանը։


Կարեն Անդրեասյանը մանրամասնեց, որ հիմնավոր բողոքները վերաբերել են հետևյալ մարմիններին. Ոստիկանություն՝ 167 բողոք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 97 բողոք, Արդարադատության նախարարություն՝ 91 բողոք, ՊՆ՝ 68 բողոք, Երևանի քաղաքապետարան՝ 52 բողոք:


Միաժամանկ Կարեն Անդրեասյանը նկատեց է, որ հիմնավոր բողոքները պետական մարմիններից չեն կարող բնորոշել այդ մարմնի ղեկավարության վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ: Ըստ նրա, այդ վերաբերմունքը արտահայտվում է ՄԻՊ-ի կայացրած որոշումների վիճակագրությամբ:


«Այս որոշումը կայացվում է միայն այն բանից հետո, երբ պետական մարմինը ՄԻՊ-ի կողմից տեղեկանում է քաղաքացու բողոքի և դրա օրինականության մասին, սակայն համառում է ապօրինության մեջ»,– ասաց նա:


ՄԻ պաշտպանը նշեց, որ այս տարի ՄԻՊ-ը կայացրել է 27 խախտման որոշում հետևյալ մարմիններին՝ ՀՀ դատախազություն՝ 6, Պաշտպանության նախարարություն՝ 6, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 4, Արդարադատության նախարարություն՝ 3, Երևանի քաղաքապետարան՝ 2, Ոստիկանություն՝ 2, Կրթության և գիտության նախարարություն՝ 1, Արտաքին գործերի նախարարություն՝ 1, Պետական եկամուտների կոմիտե՝ 1, Պետական գույքի կառավարման վարչություն՝ 1»։


Այս ամենը ներկայացնելուց հետո ՄԻ պաշտպանը նշեց, որ ինքը չունի պարտադրող լիազորություններ, այլ միայն խորհրդատվական մարմին է իշխանությունների, ընդդիմության, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և մարդկանց համար: