Եվրոպական Միությունը բռնություն, աղքատություն և հուսահատություն է ծնում. եվրապատգամավոր
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Անկախության բրիտանական կուսակցության անդամ Նայջել Ֆարաջը, ով հայտնի է իր սուր ելույթներով, այս անգամ իր քննադատությունների համար թիրախ է ընտրել Եվրոպական Միությանը Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու փաստը, հայտնում է Взгляд-ը։
«Եվրոպական Միությունը՝ որպես տարածաշրջանային կազմակերպություն, խաղաղության փոխարեն աղքատություն, բռնություն և հուսահատություն է ծնում Եվրոպայում։ Պարոն Բարոզուն (Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզու-Tert.am) լավ կաներ այցելեր Աթենքի և Հռոմի կարիքի ու չքավորության ճիրաններում հայտնված փողոցներն ու ներողություն խնդրեր բնակիչներից, այլ ոչ թե ցնծար իրենց իսկ կողմից հայտարարված հաջողություններով»,-ասել է եվրապատգամավորը։
Եվրաինտեգրման ընդդիմախոսն «ուղղակի ծիծաղելի է» անվանել Եվրոպական Միությանը հեղինակավոր Խաղաղության մրցանակի շնորհումը՝ նշելով, որ «դա կործանարար հարված է Նոբելյան հանձնաժողովի հեղինակությանը»։
2010թ.-ի փետրվարին Ֆարաջը վիրավորել էր Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին՝ հայտարարելով, որ «նա հատակի թաց լաթից էլ պակաս խարիզմա և բանկի շարքային աշխատողի արտաքին ունի»։










