Ֆրանսիայում Տարոն Մարգարյանը հանդիպել է Դեսինի հայ համայնքի հետ

12:41 • 10.12.12

Ֆրանսիայի «Տարոն-Տուրուբերան» հայրենասիրական միության հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսին քաղաք` տեղի հայ համայնքի հետ հանդիպման, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Համայնքի ներկայացուցիչների հետ միասին Երևանի քաղաքապետին դիմավորելու եկած Դեսինի քաղաքապետ Ժերար Ստյուրլան, ողջունելով Տարոն Մարգարյանին, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել նրան և հույս է հայտնել, որ սա վերջին այցը չի լինի հայերով խիտ բնակեցված իրենց փոքրիկ քաղաքում:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի հյուրընկալ դռները ևս միշտ բաց են բոլոր բարեկամների առաջ և հույս է հայտնել, որ առիթ կունենա Ժերար Ստյուրլային հյուրընկալելու Երևանում:


Դեսինի գործընկերոջ ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:


Այնուհետ Ժերար Ստյուրլան քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել հուշարձանի հարևանությամբ տեղակայված Դեսինի Հայկական հիշատակի ազգային կենտրոնի նորակառույց շենքը, որն իր ճարտարապետական ինքնատիպ լուծումով թերևս միակն է աշխարհում:


Որպես հրավիրող կողմ, «Տարոն-Տուրուբերան» հայրենասիրական միությունը նաև անակնկալ էր պատրաստել քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար: Միության խորհրդի որոշմամբ Տարոն Մարգարյանին շնորհվել է հատուկ դիպլոմ:


Միության որոշումը գոհունակությամբ է ընդունվել տեղի հայ համայնքի կողմից, ովքեր մաղթել են քաղաքապետին միշտ հավատարիմ մնալ սեփական արմատներին:


Տարոն Մարգարյանը Դեսինի Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցել է նաև կիրակնօրյա պատարագին: