Anonymous-ը սպառնում է 2Day-FM ռադիոկայանին՝ Քեյթ Միդլթոնի մասին տեղեկություն տված բուժքրոջ մահվան պատճառով
Ավստրալիայի ոստիկանությունը հետաքննում է 2Day FM ռադիոկայանի դեմ սպառնալիքներ պարունակող տեսանյութը, որը տարածվել է հղի դքսուհի Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի մասին տեղեկություն հաղորդած բուժքրոջ մահվանից հետո, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Australian-ին հղումով։
Տեսանյութը տարածել է Anonymous հաքերային խումբը։
Հիշեցնենք, որ ռադիոկայանի 2 հաղորդավարներ զանգահարելով բրիտանական հիվանդանոց՝ ներկայացել էին որպես Էլիզաբեթ 2-րդ թագուհի ու արքայազն և դքսուհու առողջական վիճակի մասին տեղեկություն էին խնդրել։ Տեղեկություններ հաղորդած բուժքրոջը մահացած էին գտել. ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել։
Երեկ սկանդալի պատճառ դարձած ռադիոհաղորդավարները հարցազրույց են տվել։ Նրանք հայտարարել են, որ զղջում են իրենց արարքի համար և ցավել են՝ լսելով բուժքրոջ մահվան մասին։
«Մենք լսեցինք ձեր արդարացումները և ուսումնասիրելով փաստերը` մենք ձեզ մեղավոր ենք ճանաչում սպանության համար։ Եթե ինչ-որ մեկը որոշի գովազդ տեղադրել այնտեղ, մենք կկոտրենք ձեզ (կայքը-Tert.am)»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։
2Day FM ռադիոկայանը պաշտոնական բողոք է ներկայացրել ոստիկանությանը և խնդրել լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել իրենց գործընկերների և էլեկտրոնային բազայի տվյալների անվտանգությունն ապահովելու համար։
Չնայած ոստիկանության հետ համագործակցությանը, 2Day FM ռադիոկայանը կորցնում է գովազդատուներին։ Կայանի ծառայություններից արդեն հրաժարվել են մի քանի խոշոր գովազդատուներ։
Ռադիոկայանի արժետոմսերի գինն անկում է ապրել 7%-ով։










