ՀՀ-ում հավատարմագրված հյուպատոսների և հյուպատոսական ծառայողների համար hամաժողով է կազմակերպվել
Դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ կազմակերպել է «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային համագործակցությունը» խորագրով համաժողով` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հյուպատոսների և հյուպատոսական ծառայողների համար:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, համաժողովի ընթացքում, որին մասնակցել են մոտ 30 երկրների հյուպատոսներ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացվել են առկա օրենսդրական դաշտը, ՀՀ իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպմանը վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև քննարկվել են միջազգային համագործակցության շրջանակներն ու բարելավման հնարավոր ուղիները:










