Եգիպտոսում ընդդիմությունը ուժեր է կուտակում բողոքի ակցիայի համար
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի վարչակարգի դեմ բողոքողները հավաքվում են Կահիրեում բողոքի նոր ակցիա իրականացնելու համար: Մոտական ժամերին նոր ցույց պետք է սկսվի, հաղորդում է BBC-ն:
Ողջ քաղաքով ոստիկանության ստորաբաժանումներ են հերթապահում: Դեպի նախագահական նստավայր տանող բոլոր ճանապարհները արգելափակված են բետոնե արգելափակոցներով, շենքի մոտ ծանր զրահատեխնիկա և տանկեր են տեղակայվել:
Ավելի վաղ, եգիպտական մայրաքաղաքի Թահրիրի հրապարակում, Reuters գործակալության փոխանցմամբ, հերթական բախումն էր տեղի ունեցել Եգիպտոսի նախագահ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև։ Ընդդիմության վրա հարձակում իրականացնողները նրանց վրանների ուղղությամբ «մոլոտովյան կոկտեյլներ» և դյուրավառ այլ նյութեր են նետել։ Հրապարակում ոչ մեծ հրդեհ է բռնկվել։ Հարձակումից վիրավորվել էր առնվազն 9 մարդ։
Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում Եգիպտոսում հակակառավարական ցույցերը չեն դադարում։ Ցուցարարների դժգոհությունն է առաջացրել նախագահ Մուրսիի՝ Սահմանադրությունը փոխելու և նախագահի լիազորություններն ավելացնելու որոշումները։ Այդ ընթացքում տարբեր վայրերում տեղի ունեցած բախումներից բազմաթիվ եգիպտացիներ են տուժել: Միայն նախագահական պալատի մոտ բախումներից ավելի քան 600 մարդ էր վիրավորվել:










