Ֆրանսիայում ուսուցչին հեռացրել են աշխատանքից ինքնասպանության մասին շարադրություն հանձնարարելու համար

12:26 • 11.12.12

Ֆրանսիական Մոնմորո Սեն Սիբար քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից՝ 13-14 տարեկան աշակերտներին ինքնասպանության մասին շարադրություն գրելու համար, գրում է Лента-ն՝ հղում անելով France 24 հեռուստաալիքին։

 

Ըստ ուսուցչի մտածածի՝ աշակերտները պետք է իրենց պատկերացնեին ինքնասպանությունից մի քանի վայրկյան առաջ և բացատրեին այն պատճառները, որոնք իրենց դրդել են դիմել այդ քայլին։

 

Ուսուցչի առաջադրանքում գրված են եղել հետևյալ տողերը. «Ձեր 18 տարին արդեն լրացել է, և Դուք որոշել եք կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ. այդ որոշումը վերջնական է։ Ինքասպանությունից առաջ Դուք պետք է նամակ գրեք Ձեր ծնողներին և բացատրեք այն պատճառները, որոնք դրդել են իրագործել այդ քայլը։ Դուք նաև պետք է նկարագրեք այն բոլոր միջադեպերը, որոնք տեղի են ունեցել Ձեր կյանքում և ստիպել  Ձեզ ինքասպան լինել»։

 

Թեև առաջադրանքն աշակերտներին տրվել է դեռևս հոկտեմբերի 22-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն վերջերս։ Երեխաների ծնողները համատեղ նամակ են գրել դպրոցի տնօրինությանը, ինչի պատճառով էլ հետաքննություն է սկսվել։