Կունենանք նախագահի մեր թեկնածուն, կհամագործակցենք նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ. ՀԱԿ անդամ

13:03 • 11.12.12

Գալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունը պարտադիր կունենա իր թեկնածուն, որի մասին կհայտարարվի մինչև հունվարի 4-ը, և հանուն Հայաստանի կհամագործակցեն յուրաքանչյուրի՝ այդ թվում գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ Գուրգեն Եղիազարյանը:

 

«Իմ անձնական կարծիքով այդ թեկնածուն կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես բացի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունից, այլ թեկնածու չեմ տեսնում: Ես գիտեմ, թե Սերժ Սարգսյանն ինչպես դարձավ նախագահ, ռազմական հեղաշրջման արդյունքում, մարտի 1-ին մարդկանց գնդակահարելով»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

 

ՀԱԿ անդամի կարծիքով. Սերժ Սարգսյանի  11 կետից բաղկացած նախընտրական ծրագրի որևէ կետը կատարված չէ։

 

«Նա տոտալ խաբել է ՀՀ քաղաքացուն: Օրինակ՝ նա ասում է, որ կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում մեր թոշակառուն կապրի բարեկեցիկ։ Եթե կգտնենք մի մարդու, որ կասի Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի օրոք բարեկեցիկ է ապրում, ես անուն-ազգանունս կփոխեմ»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:

 

ՀԱԿ անդամի կարծիքով այդ 11 կետերում կան այնպիսիները, որ հանցակազմ են պարունակում: «Օրինակ՝ ասում է, որ յուրաքանչյուր հայ ընտանիք երկու անգամ լավ կապրի։ Իսկ ի՞նչ են արել քեզ կիրգիզ, մոնղոլ և այլ ազգերը: Սրանից նացիոնալ–սոցիալիզմի հոտ է փչում»,– ասաց նա:

 

«ՀԱԿ-ը ոչ մի կերպ չի կարող փոխել վիճակը այս բռնապետության պայմաններում, դրա համար մենք ներկայացրել ենք 100 կետանոց ծրագիր, որը իշխանության գալուց հետո մենք կորոշենք ինչ անել և ինչ չանել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

 

Ընդդիմության ներկայացուցչի կարծիքով, երբ խոսում են տնտեսական առաջընթացի մասին, ապա դա սովորական քաղաքացուն չի վերաբերում:


«Երբ խոսում եք տնտեսական աճի մասին, ես մտածում, որ դա իր ա լակոտների համար ա, ՀՀ քաղաքացին դրանից ոչինչ չի ստացել»,– ասաց նա:

 

Խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ՀԱԿ–ի հնարավոր համագործակցության մասին, ՀԱԿ անդամը ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած մարդու հետ, ով կողմ է Հայաստանի զարգացմանը:

 

«Այս մառազմի թատրոնը պետք է կանգնի, ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի, այս վիճակը երկար չի կարող շարունակվել, մի օր սրանից կպրծնենք, և այդ օրը սարերի ետևում չէ, իսկ դրա համար մարդիկ իրար հետ պետք է համագործակցեն, նաև ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն։ Եթե մեկը ցանկանում է, որ Հայաստանի համար լավ լինի, մենք նրա հետ էլ կհամագործակցենք, նույնիսկ Սերժ Սարգսյանի»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: