Փորձում ենք menu.am-ը դարձնել ռեստորանների էլեկտրոնային «սուպերմարկետ». Վահան Քերոբյան

16:13 • 11.12.12

Menu.am նախագիծը, որն, ի դեպ, անցած շաբաթավերջին կայացած «ArmNet Awards 2012» համահայկական վեբ-մրցույթում հաղթել է «Տարվա առաջընթաց» անվանակարգում, նպատակ ունի դառնալ ռեստորանների էլեկտրոնային «սուպերմարկետ»: Սա Menu.am ընկերության տնօրեն Վահան Քերոբյանի ձևակերպումն է, ում հետ Tert.am-ը զրուցել է վերը նշված մրցույթում ունեցած հաջողության և նախագծի առաջիկա ծրագրերի մասին։


Նախ` խոսելով մրցույթի մասին՝ Վահան Քերոբյանը թեև նշեց, որ իրենք մրցույթի մասին այդքան էլ տեղյակ չեն եղել ու չեն մասնակցել մրցանակաբաշխությանը, բայց արժանի են «Տարվա առաջընթաց»-ին, քանի որ Հայաստանում ներկայացրել են էլեկտրոնային առևտրի և ինտերնետային կայքի պատրաստման բոլորովին նոր մոտեցում:


«Ես լավ չեմ ուսումնասիրել այս տարվա վեբ պրոյեկտները, որպեսզի կարողանամ վստահ ասել, որ մերն իրոք ավելի լավն է, քան մյուսներինը: Բայց, հաշվի առնելով այն ջանքերը և այն մոտեցումները, որ մենք կիրառել ենք մեր կայքը պատրաստելիս, և ներկայացրել բոլորովին նոր մոտեցում, այդ առումով, մենք կարող ենք համարվել տարվա լավագույն առաջընթաց ունեցող կայքը»,- ասաց նա:


Տեղեկացնենք, որ menu.am կայքը, համախմբում է մոտ չորս տասնյակ Երևանյան ռեստորաններ և սրճարաններ միասնական պատվերների համակարգում:

 

Վահան Քերոբյանը նշեց, որ այդ անվանակարգը շնորհելիս հաշվի են առնվել կայքի աշխատունակությունը, պարզությունը և մատչելիությունը, ակտիվությունը՝ թե՛ բուն կայքում, թե՛ սոցիալական ցանցերում:
«Այդ առումով մենք շատ ակտիվ ենք, ինչը վկայում է նրա մասին, որ այն դարձել է աշխատող և մարդիկ հեշտությամբ կարողանում են ուտելիք պատվիրել: Եղել են նմանատիպ մի քանի պրոյեկտներ, բայց այս պահին կոնկրետ մրցակից, որը բազմառեստորանային առաքմամբ զբաղվի, չունենք»,- ասաց նա:


Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ դինամիկայով է զարգանում արդեն երկու ամիս կյանքի կոչված նախագիծը, Վահան Քերոբյանն ասաց, որ ոլորտը Հայաստանում նոր է զարգանում, նույնիսկ նախագիծը գործի դնելուց չեն ունեցել ճիշտ հաշվարկած սպասելիքներ:


«Բայց ունենք տեսլական և հասկացել էինք, որ այս կարգի էլեկտրոնային նախագծերն արդեն կարող են աշխատել Հայաստանում: Այսօր մենք բավարարված ենք աճի տեմպերով, և նույնիսկ դրանք զսպում ենք, քանի որ ուզում ենք որակյալ ծառայություն մատուցել մեր հաճախորդներին: Կայքում ներկայացված են ավելի քան 40 ռեստորաններ, սակայն մենք չենք պատրաստվում բավարարվել այսքանով: Մարդիկ պետք է կարողանան պատվիրել այն բոլոր ռեստորաններից, որոնք ունիկալ են Հայաստանում ու ընդգրկում են տարբեր մշակույթների ուտելիքները»,- ասաց նա: