Ոստիկանության պատասխանը «Թռչկանի» բաց նամակին

16:01 • 11.12.12

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ի պատասխան «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության՝ ՀՀ ոստիկանության պետին՝ «Քարերի սիմֆոնիա» հուշակոթողի գործով ուղղված բաց նամակի՝ հայտնելով, որ քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությամբ ու տեսանյութում արձանագրված փաստով քննությունը շարունակվում է: 
 


«Բացի այդ, ոստիկանության պետի ցուցումով՝ «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում պարեկային ծառայության երթուղիներն այնպես կկազմակերպվեն, որ հուշարձանը մշտապես լինի ուշադրության կենտրոնում և հսկողության տակ, քննարկվում է նաև մոտ ժամանակներս նույն նպատակով հուշարձանի շրջակայքում արգելաշերտ ստեղծելու խնդիրը: Չնայած այս ամենին՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծել նաև տարածքին համապատասխան կարգավիճակ տալու հարցը»,– ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:


Ինչ վերաբերում է անցած տարիներին բնական հուշարձանի քարերով շինություններ կառուցելու վերաբերյալ ահազանգին, ապա, ըստ հաղորդագրության, Ոստիկանությունը համալիր միջոցներ է ձեռնարկում օրինազանցներին հայտնաբերելու ուղղությամբ:


«Սակայն այսօր ոչ պակաս կարևոր է առաջիկայում նման գործողությունները բացառելու անհրաժեշտությունը, և այդ գործում ոստիկանությունն ակնկալում է հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունը, մասնավորապես՝ բնապահպանների օգնությունը, որոնց դերը ինչպես բնության պահպանության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում անուրանալի է»,– ասվում է հաղորդագրությունում: