Առաջին ռուս-հայկական հեռուստաալիքը՝ ТВ АРМ РУ-ն, վաճառվում է
Առաջին ռուս-հայկական հեռուստաալիքը՝ , վաճառվում է։ Tert.am-ի հետ զրույցում հեռուստաընկերության նախագահ Արմեն Ղազարյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ТВ АРМ РУ-ն վաճառվում է 80 մլն ռուբլով, ինչը համարժեք է 2 մլն 600 հազար դոլարին։
Այն հարցին, թե ինչու է վաճառվում մեդիառեսուրսը, Ղազարյանը պատասխանեց, որ «հիմնական պատճառը պարտքերն են»։
«Եթե որևէ մեկը վճարի, ապա այդ միջոցներով մենք կմարենք մեր պարտքերը»,-ասաց հեռուստաընկերության նախագահը՝ ընդգծելով, որ առաջարկներ արդեն եղել են, սակայն որևէ հստակ բան դեռևս չկա։
Հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ТВ АРМ РУ-ն տեխնիկապես համալրված, իր տեխնիկական և ստեղծագործական արհեստավարժ աշխատակիցներով «զինված», գործող հեռուստաալիք է։
Հեռուստաալիքի հեռարձակումն իրականացվում է Ռուսաստանում գործող վճարովի հեռուստատեսության բոլոր խոշորագույն օպերատորների ցանցերում։
Առաջին ռուս-հայկական հեռուստաալիքը միտված է ամրապնդելու Ռուսաստանի և Հայաստանի միջև եղած մշակութային և մարդասիրական կապերը, ինչպես նաև համախմբելու բազմազգ Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների ժողովուրդների հասարակական, քաղաքական և տնտեսական շահերը։










