Արևմուտքի ռազմական գործողությունը Սիրիայի կառավարական զորքերի դեմ արդեն անխուսափելի է
Արևմուտքի մի շարք երկրներ, որոնց թվում Մեծ Բրիտանիան, Սիրիայի հակամարտությանը ռազմական միջամտություն իրականացնելու պլան են մշակել, որը ենթադրում է ոչ միայն ապստամբների ուսուցում և ռազմամթերքի մատակարարում, այլ նաև ուղղակի ռազմական մասնակցություն` ընդդիմադիրներին աջակցություն ռազմածովային և ռազմաօդային ուժերի միջոցով, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով The Independent-ին, որը իր հերթին տեղեկություններ է ստացել բրիտանական կառավարության ռազմական-քաղաքական աղբյուրներից:
Այդ տեղեկությունների համաձայն, Արևմուտքի երկրները համաձայնության են եկել, որ արդեն 22 ամիս տևած հակամարտությունը հասել է իր գագաթնակետին, այդ պատճառով ապստամբներին պետք է օգնել, որ Սիրիայի նոր իշխանությունները ԱՄՆ-ին և Եվրոպային ընդունեն որպես իրենց հավատարիմ դաշնակիցների:
The Independent-ի եզրահանգմամբ, հենց այդ պատճառով դեպի Դամասկոս որոշիչ հարձակումը պետք է անցնի Արևմուտքի կրակային աջակցությամբ:
Թերթի տեղեկություններով՝ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Լոնդոնում կայացած գաղտնի հավաքի ժամանակ, որին մասնակցել են Ֆրանսիայից, Թուրքիայից, Հորդանանից, Կատարից, ԱՄԷ-ից և ԱՄՆ-ից ժամանած գեներալներ:
Արևմուտքին և իր դաշնակիցներին հատկապես անհանգստացնում է երկու խնդիր` Սիրիայի փախստականների թվի աճը, և Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող ծայրահեղ իսլամիստական խմբավորումների ազդեցության մեծացումը:
Ասադի վարչակազմը տապալելու հարցում համաձայնության եկած երկրները պայմանավորվել են, որ Սիրիա իրենց ցամաքային զորքերը չեն ուղարկի՝ սահմանափակվելով օդուժի և նավատորմի հարվածներով:
Այդ դաշնակիցները հասկանում են, որ սիրիական հարցին նման միջամտությունը կարող է առաջ բերել Ռուսաստանի և Չինաստանի դժգոհությունը:
Սակայն, The Independent-ի տվյալներով, Մոսկվան արդեն փոխել է իր մոտեցումը այդ խնդրի վերաբերյալ, իսկ ռուսական պաշտոնյաները սկսել են Սիրիան առանց Ասադի տարբերակներ դիտարկել:
Արևմուտքի վստահությունը, որ Ռուսաստանը լոյալ դիրք կգրավի, ամրապնդվել է ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցից հետո, որը, Անկարայից ստացված տեղեկություններով, անցել է «բացառիկ հաջող»:
Թերթը գրում է, որ արևմտյան երկրների ղեկավարությունը կիսում է Ռուսաստանի մտավախությունը Ասադի հեռացումից հետո Սիրիայում հնարավոր քաոսային վիճակի կապակցությամբ և հույս ունի երկրում իրավիճակը կայունացնելու հարցում ստանալ ՌԴ աջակցությունը վարչակարգի տապալումից հետո :
The Independent-ի աղբյուրը պնդում է, որ վերոնշյալի լույսի ներքո, Արևմուտքի ռազմական գործողությունը Սիրիայի կառավարական զորքերի դեմ արդեն «անխուսափելի է»:
«Մենք լավ ենք հասկանում, թե որքան բարձր է Սիրիայի նշանակությունը Ռուսաստանի համար, որը իրենց ռազմավարական դաշնակիցն է: Սակայն մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել՝ հասկանալով, որ Ասադի ռեժիմին փոխարինելու են գալիս ծայրահեղականները», - բացատրել է The Independent-ի աղբյուրը:










