Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնթե Մելքոնյանի մոր՝ Զաբել Մելքոնյանի մահվան կապակցությամբ

16:31 • 11.12.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ցավակցական հեռագիր է հղել Մելքոնյանների ընտանիքին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։

 

Հեռագրում ասված է.

 

« Խոր վշտով տեղեկացա Արցախի հերոս, հայ ժողովրդի նվիրյալ զավակ Մոնթե Մելքոնյանի մոր` Զաբել Մելքոնյանի մահվան մասին:

 

Մայր, ով արժանի է մեծ հարգանքի ու երախտիքի, ով կյանք է տվել ու դաստիարակել մեր բոլորիս սիրելի Ավոյին, մեծ հայրենասերին և անձնուրաց հրամանատարին: Մոնթեն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է Հայ դատի և հարազատ ժողովրդի իրավունքների պաշտպանության, համազգային նպատակների և իղձերի իրականացման վեհ գործին: Արցախցիների համար ամենածանր պահին նա կանգնեց մեր կողքին` անողորմ պայքար մղելով թշնամու դեմ և նահատակվելով որպես իսկական հերոս: Մոնթե Մելքոնյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: Նրա սխրանքը օրինակ կհանդիսանա դեռ շատ ու շատ սերունդների համար:

 

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Մոնթեի մոր` Զաբել Մելքոնյանի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց տոկունություն և ոգու կորով»: