Գագիկ Ծառուկյանը 1-2 օրվա մեջ հանդես կգա հայտարարությամբ. Իվետա Տոնոյան

14:42 • 11.12.12

Լուսանկարը՝ bhk.am կայքի


«Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի վերաբերյալ հստակեցումներ կանի առաջիկա օրերին՝ շատ մոտ ապագայում: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, ով նախքան այդ ինքնանպատակ է համարում տարբեր լրատվամիջոցների «ԲՀԿ-ական կամ ոչ ԲՀԿ-ական աղբյուրներին» այն լուրերը մեկնաբանելը, ըստ որոնց Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել չառաջադրվել նախագահական ընտրություններին, իսկ ըստ որոշ լրատվամիջոցների էլ՝ ավելին, ընդհանրապես դուրս գալ քաղաքականությունից:


«Պարոն Ծառուկյանը շատ հրապարակային և շատ հանրային կերպով առաջիկա օրերին կանի հայտարարություն: Ըստ որում` խոսքը շատ մոտ ապագայի մասին է, կարծում եմ՝ մեկ-երկու օրվա մասին է խոսքը»,- հավելեց ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղարը՝ ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե, այդուհանդերձ, երեկ չկայացավ ԲՀԿ քաղխորհրդի նիստը, Բրյուսելից հետո չեղավ Գագիկ Ծառուկյանի համապատասխան հայտարարությունը, ինչի մասին հենց ինքը՝ Իվետա Տոնոյանն ասել էր. «ամենայն հավանականությամբ Բրյուսելից գալուց հետո կարվի»:


Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցներ երեկվանից անդրադառնում են ԲՀԿ նախագահի՝ ընտրությունների չառաջադրվելու հնարավորությանը, իսկ այսօր 168.am-ը, հղում անելով ԲՀԿ-ական իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Գագիկ Ծառուկյանը հաստատապես որոշում է կայացրել չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին: Մանրամասնվում է, որ «Ծառուկյանը իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ ինքը չի կարող առաջադրվել, քանի որ այդ դեպքում «պատերազմ կլինի, նոր մարտի 1, նոր զոհեր», ինչն իրենց համար ընդունելի չէ:
Հաղորդվում է նաև, որ իր կուսակիցներին ԲՀԿ նախագահը առաջարկել է «ուժեղացնել կուսակցությունը և պատրաստվել 2017թ. խորհրդարանական և 2018թ. նախագահական ընտրություններին»:  


Ի պատասխան հարցի, թե իր մեկնաբանություններից կարելի՞ եզրակացնել, որ Իվետա Տոնոյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Ծառուկյանի չառաջադրման մասին տեղեկատվությունը, վերջինս ասաց.«Ոչ, որովհետև յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ տարբեր լրատվամիջոցների կողմից տեղեկատվություններ են շրջանառության մեջ դրվում՝ հղում անելով իբր թե շատ հավաստի աղբյուրների, որոնց ես շատ մեծ վերապահումով եմ մոտենում»: