Թուրքիան աշխարհում առաջատարն է ձերբակալված լրագրողների թվով
Թուրքիան 2012թ. աշխարհում առաջատարն է ճանաչվել ձերբակալված լրագրողների թվով, հայտնել է Լրագրողների իրավունքների պաշտպանության նյույորքյան կոմիտեն, հաղորդում է BBC-ն:
Կազմակերպության տեղեկություններով, Թուրքիայում անցած տարվա ընթացքում 49 լրագրող է ազատազրկվել, որոնց շարքում նաև քրդեր կան: Լրագրողներից շատերը բանտերում են հայտնվել հակակառավարական դավադրության մասնակցելու մեղադրանքով:
Երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար Իրանն ու Չինաստանն են:
Ներկայում, ողջ աշխարհում ազատազրկված են ավելի քան 230 լրագրողներ: Նման ցուցանիշն ամենաբարձրն է` սկսած 1990թ.-ից:
Թուրքական իշխանությունները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել Լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի հայտարարությունը:
Կազմակերպության նախորդ տարիների զեկույցների հրապարակումից հետո, Անկարան հայտարարում էր, որ իրավապաշտպանների ներկայացրած թվերը, իբրև թե, չափազանցված են:










