ԲՀԿ-ի «քաղաքակիրթ» որոշմանը ՀՀԿ-ն շատ հանգիստ է վերաբերում. Էդուարդ Շարմազանով

17:02 • 12.12.12

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շատ հանգիստ է վերաբերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին չառաջադրելու որոշմանը, և այն համարում քաղաքակիրթ որոշում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


«Շատ հանգիստ ենք վերաբերում ԲՀԿ-ի որոշմանը, դա բացառապես իր կուսակցության և իր խնդիրն է: Մենք հարգանքով ենք վերաբերում ցանկացած քաղաքակիրթ որոշման»,- ասաց նա:


Էդուարդ Շարմազանովը նկատում է, որ ՀՀԿ-ին չի անհանգստացնում նաև այն, որ ԲՀԿ-ն իր հայտարարությամբ նշում է, որ ոչ մի քաղաքական ուժի չի սատարում: «Եթե հանգիստ ենք վերաբերում, ուրեմն չի անհանգստացնում»,- նշեց նա:


Հարցին, թե ՀՀԿ-ն այսպե՞ս էր պատկերացնում ԲՀԿ-ի «հաջորդ դասը», ԱԺ փոխխոսնակը նշեց, որ անկախ ԲՀԿ-ի պատկերացումից՝ հստակ են ՀՀԿ-ի պատկերացումները:


«Մեր պատկերացումը շատ հստակ է, անկախ ցանկացած քաղաքական ուժի որոշումներից, մենք ունենք մեր ծրագիրը և նախընտրական գաղափարախոսությունը: Տարբեր քաղաքական ուժերի առաջադրումից կամ որոշումից մենք չենք ոգևորվում: Մենք համախմբված ենք մեր նախագահի շուրջ և կարծում ենք, որ առաջիկա տարիների ընթացքում, երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ երկիրը ղեկավարի Սերժ Սարգսյանը»,- ասաց նա: