Ռուսաստանը հնարավոր է նոր ռադիոլոկացիոն կայան կառուցի Հայաստանում. պատմաբան

12:58 • 12.12.12

Ռուսաստանը հնարավոր է նոր ռադիոլոկացիոն կայան կառուցի Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց պատմաբան Գևորգ Մելքոնյանը՝ անդրադառնալով օրերս Ռուսաստանի կողմից Ադրբեջանի Գաբալա քաղաքի ռադիոլոկացիոն կայանի շահագործման դադարեցմանը: Նա նշեց, որ կայանի աշխատանքի դադարեցմամբ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվել են:


«Ադրբեջանցիները բարձր պաշտոնյաների մակարդակով հայտարարում են, թե սա չի կարող ազդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, սակայն նույնը չի նկատվում Ռուսաստանի կողմից: Այն, որ Ադրբեջանը անհամեմատ բարձր գին պահանջեց Ռուսաստանից կայանը շահագործելու համար, դա թիկունքից հարված էր Ռուսաստանի համար՝ մանավանդ տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակի պայմաններում»,- ասաց նա և ավելացրեց, որ Ռուսաստանը համոզվեց, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ:


Գևորգ Մելքոնյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը բխում է Հայաստանի շահերից, քանի որ հնարավոր է հենց այստեղ արդիականացվի ռուսական ռազմաբազան և ամրապնդվի Հայաստանի անվտանագությունը:


«Սրանով Հայաստանի դերը կմեծանա տարածաշրջանում, քանի որ ստացվում է, որ Հայաստանում տեղակայված զորամասերն են, որ պահպանելու են Ռուսաստանի օդային սահմաններն այս տարածաշրջանում»,- ասաց նա:


Գևորգ Մելքոնյանը հնարավոր համարեց, որ Ադրբեջանը Գաբալայի կայանը տրամադրի Թուրքիային կամ ԱՄՆ-ին, ինչը Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների ճգնաժամ կհանդիսանա: