Ընտանիք ունեցող երեխան պետք է վերադառնա ընտանիք. ԿԳ նախարարը՝ հատուկ դպրոցների մասին

16:46 • 12.12.12

Հատուկ դպրոցներում այսօր մեծ թվով երեխաներ կան, որոնց ծնողները զուտ սոցիալական պայմաններից ելնելով, երեխաներին տեղավորել են հատուկ դպրոցներում, որպեսզի պետությունը հոգա երեխաների ոչ միայն կրթության, այլ նաև կենցաղային կարիքները` սնունդ, գիշերակաց և այլն:


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, իր մտահոգությունը հայտնեց այդ հարցի կապակցությամբ` ասելով պետության կողմից այս ուղղության վրա հատուկ ուշադրություն է դարձվելու և ԿԳՆ-ն Սոցապնախարարության հետ մշակում է ծրագիր, որով փորձ կարվի ապահովել այդ երեխաների սոցիալական նվազագույն պայմանները, որպեսզի ծնողը ստիպված չլինի իր երեխայի հացը և գիշերակացը ապահովելու համար երեխային շաբաթվա 5-6 օրը հանձնել հատուկ դպրոց:


«Ընտանիք ունեցող երեխան պետք է վերադառնա ընտանիք: Իրականում այդ երեխաների մի մասն ապրում է այնպիսի ընտանիքներում, որտեղ սոցիալական խնդիրներն այնքան են լարված, որ երեխաները հաճախ մատնվում են սովի, դիմում են ինքնասպանության կամ հայտնվում են փողոցում»,- ասաց Արմեն Աշոտյանը:


Նախարարի կարծիքով, այսօր ամենահեշտը կլինի այդ դպրոցների տնօրեններին հանձնարարել, որ ոչ թիրախային երեխաներին հանեն դպրոցներից, բայց դրանով հարցը չի լուծվում:


«Ամեն մի երեխայի հետևից կա ճակատագիր, այդ երեխաների, ընտանիքների համար պետք է ապահովել այլընտրանք, լրացուցիչ հնարավորություններ: Մյուս կողմից, հաշվի առնելով տվյալ խմբի երեխաների առավել խոցելիությունը, մենք պարտավոր ենք ապահովել այնպիսի ռեժիմ, որպեսզի յուրաքանչյուր երեխա պաշտպանված զգա իրեն, միայն կրթական իրավունքը չէ այստեղ, որ պետք է գերակայի»,- ասաց Արմեն Աշոտյանը:


Արմեն Աշոտյանը կարևորեց այն հանգամանքը, որ տևական ժամանակ է հատուկ դպրոցներից չեն ստացվում ահազանգեր, սեռական, ուժի բռնության այլ բնույթի սկանդալների մասին:


«Այսօրվա թերություններից մեկը հետևյալն է, եթե երեխան գիշերող է, այդ դեպքում ուսումնական հաստատությունը վարձատրվում է, եթե երեխան գիշերող չէ, ապա երեխային ստիպված են զրկել ընթրիքից և ուղարկել տուն: Պետք է այնպիսի մեխանիզմ մշակել, որ գիշերելը և սնունդը տարանջատեն իրարից, որպեսզի երեխան կարողանա սովորել, սնվել ու երեկոյան ընթրիքից հետո գնա տուն, որպեսզի երեկոն անցկացնի ընտանիքում, որը շատ կարևոր է երեխաներին չկտրել ընտանիքից»,- ասաց նախարարը:


ԿԳ նախարարը չբացառեց նաև այն, որ անխուսափելի է որոշ հատուկ դպրոցների փակումը`պայմանավորված դպրոցների քանակի և այնտեղ սովորող երեխաների թվի անհամատեղելիության հետ:


«Եթե մենք հասնենք նրան, որ սոցիալապես անապահով, բայց հատուկ դպրոցներում հայտնված երեխաների համար ստեղծվեն սոցիալական և կրթական միասնական փաթեթներ, դպրոցները պետք է ոչ թե փակվեն, այլ վերածվեն համապատասխան փորձաքննության, սոցիալական աջակցություն տարածող ռեսուրս կենտրոնների: Դպրոցների վերջնական փակումը ամենածայրահեղ դեպքն է»,- ասաց Արմեն Աշոտյանը: