Միասնական թեկնածուի հարցին լուրջ չպետք է վերաբերել. Սուրեն Աբրահամյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի կարծիքով առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի հարցին լուրջ չպետք է վերաբերել: «Այսօրվա իրականությունը այնքան դառն է ու ճղճիմ, որ պետք է ծիծաղես, թե չէ կխելագարվես»,- այս կապակցությամբ Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ միաժամանակ հումորով նշելով, որ, իհարկե, լինելու է, ընդ որում, մի քանիսը։
«Միասնական թեկնածուի խայծը գցում են ու սկսում փնտրտուքը, ամեն մեկն իրեն է պատկերացնում, նույնիսկ աբսուրդ թեկնածուները իրենց են պատկերացնում»,- ասաց նա և ավելացրեց, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը միասնական թեկնածուի «աբսուրդ ձևաչափին» չի մասնակցում, քանի որ շատ ավելի լուրջ քաղաքական գործիչ է, քան իրենց միասնական թեկնածու երևակայող քաղաքական գործիչները:
Ինչ վերաբերվում է այն հարցին, Արամ Սարգսյանը առաջադրվելո՞ւ է, թե՝ ոչ, Սուրեն Աբրահամյանն ասաց, որ այդ հարցը կորոշվի «Հանրապետություն» կուսակցության՝ դեկտեմբերի 21-ին կայանալիք համագումարին:
Այն դիտարկմանը, թե տեղեկություններ են տարածվել կուսակցության առաջնորդի առաջադրման մասին, Սուրեն Աբրահամյանը նշեց, որ իրենց քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել, որ կուսակցության անդամներից յուրաքանչյուրը միայն իր անունից է խոսելու։
«Ես իմ անունից կարող եմ ասել, որ չեմ առաջադրվելու, Արամ Սարգսյանի համար ոչինչ չեմ կարող ասել, սպասեք դեկտեմբերի 21-ին»,- ասաց նա:
Հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու և այլ թեկնածուի չսատարելու որոշումը կարո՞ղ է ազդել Արամ Սարգսյանի առաջադրվելու կամ չառաջադրվելու որոշման վրա, Սուրեն Աբրահամյանը նշեց, որ իրենք հեռու են այդ խոսակցություններից։
«Ես գիտեի, որ նա չի առաջադրվելու: Իհարկե, ես վառ կանխատեսող չեմ, բայց էնքան պարզ էր այդ ամեն ինչը: Դա հիասթափություն էր, բայց նայած ինչ շրջանակներում: Ես այդ հարցի նկատմամբ բացարձակապես անտարբեր եմ, դա իմ անձի, ընտանիքի համար որոշիչ խնդիր չէ»,-ասած նա:










