«Հաջորդ դասը»՝ դատարկ դասարանում. Ծառուկյանը չի առաջադրվի նախագահական ընտրություններում. հայտարարություն

14:55 • 12.12.12

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում մասնակցության վերաբերյալ դիրքորոշումը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
 

Այսօր, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց՝ ԲՀԿ մասնակցության ձևաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին:
Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար: Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.
1. Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու:
2. Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:
 


Հիշեցնենք, որ առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» սեփական թեկնածուով մասնակցության ձևաչափի մասին շարունակ տրվում էր հերթապահ՝ «Այդ մասին՝ հաջորդ դասին» պատասխանը, իսկ այդ մասնակցության «պաշտոնական մեկնարկը», կարելի է ասել, տրվեց այս տարվա հոկտեմբերի 8 –ին՝ Վարդան Օսկանյանի «ուղենիշային» այն հարցազրույցով, որ իր կուսակցությունը նախագահական ընտրություններին պետք է հանդես գա առանձին թեկնածուով և «առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը»:
Վարդան Օսկանյանն, այնուամենայնիվ, հավելել էր, որ եթե Գագիկ Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, և եթե կուսակցությունը կանգնի իր թեկնածության վրա, ապա պատրաստ է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը:
 


Սրանից հետո արդեն մամուլում շրջանառվում էր ԲՀԿ նախագահի երկու կամ երեք հնարավոր թեկնածուի անուն. Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան և ավելի քիչ՝ Ռոբերտ Քոչարյան:
Որոշ ժամանակ անց, կրկին մամուլի վերլուծությունների և «հավաստի աղբյուրների» տեղեկատվության հիման վրա, առավել գերակշռող դարձավ Գագիկ Ծառուկյանի թեկնածության վարկածը: Մանավանդ որ այս ընթացքում բազմաթիվ ԲՀԿ-ականներ, այդ թվում նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյան «անձնական կարծիքների» մակարդակով հայտնեցին, թե այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը:
 


Նկատենք, որ այս հայտարարությունները հնչում էին անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից բավականին ուշագրավ հայտարարությունների ֆոնին, որոնք ըստ որոշ վերլուծաբանների՝ ոչ այլ ինչ էին, քան նախագահի թեկնածուի նախընտրական ելույթներ՝ չհայտարարված, բայց ըստ էության՝ պաշտոնական քարոզարշավի շրջանակներում:
Դրանցից առաջինը վերաբերում էր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների կողմից ի նշան բողոքի աչքերն ու բերանը կարելու դեպքերի վերաբերյալ արդարադատության նախարարի մեկնաբանությունների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությանը:
Նոյեմբերի չորսին՝ կուսակից երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը, մասնավորապես, հայտարարել էր.«Մեր արդարադատության նախարարը առանց ամաչելու ասում ա, ոնց որ աղջիկները իրենց ականջներն են ծակում, ասենք թե, այսօր մեր մեղադրյալները շուրթերն ու աչքերն են կարում։ Ինչի՞ համար ա մարդը դա անում. հիասթափվելուց , անարդարությունից։ Փոխանակ համապատասխան բոլորին պետք է կարգի հրավիրենք, իրենք, ասենք, բացատրություն վերցնեն, ինչի համար ա արել»:
 


Գագիկ Ծառուկյանի «նախագահական» երկրորդ լուրջ հայտարարությունը արդեն Բրյուսելում էր, որտեղ, ըստ ԲՀԿ լրատվական ծառայության՝ դեկտեմբերի 5-ին տարածած հաղորդագրության համաձայն, նա Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպան ժամանակ հայտարարել էր, որ «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»:
Բրյուսելից տարածած ԲՀԿ հայտարարության համաձայն՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահն էլ անձնական ծանոթությունից հետո նշել էր, որ «առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»:
 

Երկու օր անց՝ դեկտեմբերի 7-ի երեկոյան ԲՀԿ լրատվական ծառայությունը տարածեց մեկ այլ՝ ավելի ընդարձակ հաղորդագրություն բրյուսելյան այցի մասին, որտեղից հանվել էին «սուր մասերը»:


Ծառուկյանի չառաջադրվելու վերաբերյալ խոսակցություններն առավել ակտիվացան դեկտեմբերի 11-ին, և թերևս հենց դրանով պայմանավորված կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն տարածեց՝ այնուամենայնիվ, չպատասխանելով այդ կապակցությամբ որևէ կոնկրետ հարցի։