Հրապարակվել է էներգահամակարգերի արդյունավետության վարկանիշային աղյուսակը. Հայաստանը 60-րդն է
Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) և Accenture ընկերության համագործակցության արդյունքում հրապարակվել է էներգահամակարգերի արդյունավետության վարկանիշային աղյուսակը, հայտնում է World Economic Forum-ի պաշտոնական կայքը։
Վարկանիշային աղյուսակը կազմվել է համաշխարհային էներգետիկ համակարգի արդյունավետության համաթվի հիման վրա։ Դրանում ներառված է աշխարհի 105 երկիր և համապատասխան գնահատական է տրվում, թե որքանով է այդ երկրներից յուրաքանչյուրի էներգահամակարգը նպաստում տնտեսության աճին, էներգետիկ անվտանգությանը, էկոլոգիական կայունությանն ու «էներգետիկ եռանկյունու» 3 հիմնական տարրերի հասանելիությանը։
Նշված զեկույցի հիմնական նպատակն է օգնել երկրներին հասկանալու և գնահատելու իրենց էներգետիկ հատվածների աշխատանքը։ Ըստ վարկանիշային աղյուսակի՝ լավագույն արդյունքներն արձանագրել են Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Նոր Զելանդիայի, Կոլումբիայի, Լատվիայի, Դանիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի էներգահամակարգերը։
Ռուսաստանը զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը,Ադրբեջանը՝ 42-րդ, Թուրքիան՝ 44-րդ, Վրաստանը՝ 57-րդ, Իրանը ՝ 96-րդ։ Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա այն զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը։
Էներգահամակարգերի ամենաքիչ արդյունավետությունն ունեն Եթոֆպիան, Տանզանիան, Լիբանանը, Մոզամբիկն ու Նեպալը։










