Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ վիճելի տարածք մտած չինական ինքնաթիռի պատճառով
Ճապոնիայի օդուժը կործանիչներ է շտապ օդ բարձրացրել այն բանից հետո, երբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ինքնաթիռը հատել է վիճելի Սենկակու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) կղզու օդային տարածքը, տեղեկացնում է ռուսական Взгляд-ը։
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան արդեն ափսոսանք է հայտնել միջադեպի վերաբերյալ և ՉԺՀ-ի գործողությունները որակել որպես «ինքնիշխանության խախտում»։
Սա առաջին նման միջադեպն է։ Ավելի վաղ ՉԺՀ-ն սահմանափակվել է միայն գոտում հերթապահող նավեր տեղակայելով։
Ճապոնիան նաև բողոք է հայտնել Չինաստանի իշխանություններին՝ օվկիանոսային կառավարման հերթապահ ինքնաթիռի կողմից վիճելի կղզու օդային տարածքը խախտելու համար։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Չինաստանի և Ճապոնիայի հարաբերությունները սրվել են վիճելի կղզիների պատճառով։
Պաշտոնական Պեկինը պնդում է, որ կղզին իր տարածքն է, որը Ճապոնիան զավթել է 19-րդ դարի վերջին։










