Նոր տարուն ընդառաջ կթանկանա միայն խոզի ազդրը. ԳՆ պաշտոնյա

13:10 • 13.12.12

Մինչև տարվա վերջ մսի գների աճ չի լինի բացառությամբ խոզի ազդրի, որը կարող է թանկանալ մինչև 10%, այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: 


Նրա տեղեկացմամբ՝ այսօր շուկայում ոչխարի և տավարի խոզի մսերի գները համապատասխանաբար նվազել են 10, 7 և 15%–ով։


«Այս տարի արտահանման ծավալները չեն ազդել գների վրա, քանի որ տարեսկզբին մենք ունեցանք անասնագլխաքանակի թվի աճ»,– ասաց նա։


Ըստ Աշոտ Հովհաննիսյանի՝ այս տարվա 11 ամիսների ընթացքում 98 000 տոննա միս է իրացվել, և մինչ տարեվերջ այդ ծավալը կավելանա և, նախնական հաշվարկով, անցած տարվա համեմատ կգրանցվի 4% աճ։


Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետն անասնաբուծության ոլորտում ընդգծված առաջընթաց համարեց այն, որ այսօր արդեն ունենք ռեկորդակիր կովեր, որոնց տարեկան կաթնատվությունը հասնում է 10 000 կգ–ի։


«Գուղատնտեսության ոլորտում վերջին երկու տարիներին նկատվել են լավ ցուցանիշներ, հետագայի համար էլ կան լավ նախադրյալներ, և մենք փորձելու ենք երկրում ապահովել սննդի ինքնաբավություն»,– նշեց բանախոսը։