«Նուբարաշենում» դատապարտյալը կարել է բերանը, մեխել՝ երկու ոտքը. դատապարտյալի մայր

12:28 • 13.12.12

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը կարել է բերանը և մեխել՝ երկու ոտքը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արթուրի մայրը՝ Ռոզա Սարդարյանը:


«Ինքը Ձեր ներկայացրած հոդվածը չի հերքել, ադմինիստրացիան գնացել, հետաքրքրվել է, ու հիմա ինչ-որ ոտնձգություններ են անում: Ինքն ասում է, որ ադմինիստրացիան իմ դեմ լարված է, հանձնաժողովը չի գալիս»,- ասաց տիկին Ռոզա Սարդարյանը:
Լրացուցիչ հարցերից հետո տիկինը հստակեցրեց, որ«ոտնձգություններ» ասելով նկատի է ունեցել, որ ձգձգում են մետադոնային բուժումը:


Հիշեցնենք, որ օրերս Tert.am-ի հետ զրույցում դատապարտյալը նախազգուշացրել էր, որ դիմելու է նման քայլի: Նա տեղեկացրել էր, որ ինքը 6-7 ամիս շարունակ ՔԿՀ-ի ղեկավարությանը խնդրում է իրեն ընդգրկել «Մետադոն» ծրագրում, սակայն նրան մերժում են և «մաղարիչ» պահանջում։ Պահանջողը, ըստ նրա, ՔԿՀ բուժվարչության պետի տեղակալ Գալուստ Կարապետյանն է:

 

«Ես անօրինական բան չեմ խնդրում, նարկոմանիայի բժիշկները գալիս, ասում են՝ «դու հարյուր տոկոս պետք ա ստանաս, դու գրանցված հիվանդ ես 2008 թվականից»: Գնում են, հետո գալիս են, ասում են՝ «բա, գիտե՞ս ինչ կա՝ վարչության պետն ա դեմ, եսիմ ո՞վ ա դեմ»»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր Արթուր Սմբատյանը։


Նշենք, որ «Մետադոնային փոխարինող բուժման» ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որևէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ:


Դատապարտյալը նշել էր, որ մի քանի անգամ ինքնավնասման փորձեր է արել, մի անգամ երակներն է կտրել, մի անգամ կոտրած ապակին է փորձել մտցնել փորը, մի անգամ կախվել:
«Ինձ տանջում են, տանջելով սպանում են, ես ստիպված եմ գնում էս քայլին»,- ասում էր նա:


Արթուրը ընդունում է, որ հիվանդ է, թմրամոլ։ Նա «Նուբարաշենում» է հայտնվել 2006 թվականի հոկտեմբերի 28-ից և ազատազրկման է դատապարտված եղել 2 տարի 6 ամսով, սակայն դրանից հետո չորս անգամ «դեղով» (թմրամիջոց պահելու համար) դատապարտվել է:


Tert.am-ը զրուցել էր նաև ՔԿՀ վարչությունների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանի հետ, ով հայտնել էր, որ «Մետադոն» ծրագրում ընդգրկվելու հետ քրեակատարողական հիմնարկները կապ չունեն:


«Դա հանձնաժողով է, որը որոշում է՝ տվյալ մարդն ընդգրկվի՞ այդ ծրագրի մեջ, կապ չունի դատապարտյալ է, թե՝ չէ»,- ասել էր Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ ՔԿՀ-ն այս հարցում չի կարող որևէ միջնորդություն անել:


Այսօր Գոռ Ղլեչյանն, ի պատասխան Գալուստ Կարապետյանի վերաբերյալ դատապարտյալի մեղադրանքների, նշեց. «Նման բան չկա: Ինքն ի պաշտոնե այդ հանձնաժողովի հետ որևէ կապ չունի»: