Նուբարաշեն ՔԿՀ-ում դատապարտյալը քանդել է բերանի կարերը և հանել ոտքերի մեխերը. Գոռ Ղլեչյան
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սմբատյանը քանդել է բերանի կարերը և հանել ոտքերի մեխերը. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նշենք, որ օրեր առաջ Tert.am-ին դատապարտյալը նախազգուշացրել էր, որ դիմելու է նման քայլի, քանի որ ինքը 6-7 ամիս շարունակ ՔԿՀ-ի ղեկավարությանը խնդրում էր իրեն ընդգրկել «Մետադոն» ծրագրում, սակայն նրան մերժում են և «մաղարիչ» պահանջում։
Մինչդեռ ՔԿՀ վարչությունների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում պնդել էր, «Մետադոն» ծրագրում ընդգրկվելու հետ քրեակատարողական հիմնարկները կապ չունեն:
Այսօր արդեն, մեկ այլ հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ դատապարտյալը արել էր այն, ինչ խոստացել էր անել՝ իր պահանջները չկատարելու դեպքում։
Tert.am-ի այդ հրապարակմանը հաջորդեց փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարարի հանձնարարականով ծառայողական քննություն սկսելու մասին հայտարարությունը։










