Տիգրան Սարգսյանը դասախոսություն է կարդացել Հարվարդի համալսարանում

11:46 • 13.12.12

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հարվարդի համալսարանական քաղաք և հանդիպում-դասախոսություն է ունեցել աշխարհի առաջատար համալսարաններից մեկում՝ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում (Harvard University, Kennedy School of Government)։

 

Ըստ Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ վարչապետը գրառում է կատարել բարձրաստիճան պաշտոնյաների գրամատյանում, ապա Բելֆեր կենտրոնում հանդիպել է Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի (MIT) և Թաֆթսի համալսարանի (Tufts University) պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

 

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ նախկին բարձրաստիճան դիվանագետներ, գիտական աշխատանքով զբաղվող պետական ծառայողներ, ինչպես նաև ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի առաջատար համալսարաններում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակակիրներ։

 

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցերի:

 

Ներկաների խնդրանքով կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել օլիգոպոլիաների և կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության զարգացման հեռանկարների և ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ։

 

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար` նշելով. «Այսպիսի հանդիպումները կարևոր են` հասկանալու համար, թե քաղաքականություն իրականացնող մարդիկ ինչպես են մտածում»:

 

Տիգրան Սարգսյանն ընդգծել է մարդկային շփումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին հետաքրքիր հանդիպում անցկացնելու համար: